Հոսանքազրկումների 34 տոկոսը շինաշխատանքների ընթացքում է տեղի ունենում՝ մալուխների վնասման պատճառով։ Այս մասին սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
«Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, գազի խողովակներ են կառուցվում, մեր մալուխները շատ դեպքերում վնասվում են, ինչի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում, մենք տարվա սկզբից ունեցել ենք 1 450 վնասված մալուխ, որոնցից 492-ը վնասել են այլ կազմակերպությունները՝ այլ աշխատանքներ կատարելու ժամանակ»,- ասում է Կարեն Դարբինյանը։
Դարբինյանը հայտնեց, որ Կենտրոն վարչական շրջանում 2000 թվականից այս կողմ էլեկտրաէներգիայի սպառման բեռը աճել է ութից տասը անգամ։
«2016-ին բեռը եղել է 60 Մվտ, հիմա 120 Մվտ է։ Երևանում 68 000 նոր բաժանորդ է ավելացել, այդքան նոր միացման հայտ ունենք, որից 40 000-ը արդեն ցանցին միացված է, որ պատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը․ Գյումրի և Վանաձոր քաղաքների բաժանորդների քանակը կազմում է 82 000»,- բացատրեց Դարբինյանը։
ՀԷՑ-ի ներկայացուցչի խոսքով՝ 1990-ականներից մինչև 2015 թվականը էական ներդրումներ չեն կատարվել, այդ տարիների ներդրումները 200 մլն դոլար են կազմել․ «Համեմատության համար՝ 2016-2024թթ․ մեր ներդրումները մինչև այս տարվա վերջ ավելի քան 680 մլն դոլար կկազմեն»։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը անդրադարձավ նաև արդեն տեղի ունեցած հայտնի հոսանքազրկումներին․ կառավարության նիստի ժամանակ լույսերի անջատման պատճառը բարձրավոլտ էլեկտրացանցերում կատարվող աշխատանքներն էին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ հոսանքի անջատման խնդիրը տրասֆորմատորի անսարքությունն էր։ Ըստ բանախոսի՝ նախատեսվում է մալուխների թարմացում ու ենթակայանների կառուցում և վերակառուցում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ավելացրեց, որ բոլոր ենթակայանները, որոնք բազմահարկ շենքերի նկուղներում կամ առաջին հարկերում են գտնվում, հանվելու և վերակառուցվելու են։ Կլինեն երկհարկանի կառույցներ, որոնք կապահովեն 98 տոկոս հուսալիություն։
Կարեն Հարությունյանը ավելացրեց՝ 2024 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը բաժանորդներին 152 միլիոն դրամի տույժեր է վճարել։