Ռուսաստանը կրճատել է ֆինանսական աջակցությունն Աբխազիային  

OC Media

Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան հաստատել է, որ Ռուսաստանը կրճատել է Աբխազիային ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը, քանի որ Սուխումին ձախողել է «ռուսամետ բարեփոխումները»։

Շամբան երեքշաբթի լրագրողներին ասել է, որ երկու օր առաջ Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ Ռուսաստանից ստացվող ֆինանսական օգնությունը կազմում է Աբխազիայի պետական ​​բյուջեի մեծ մասը։

Ռուսաստանի այս քայլը տեղի ունենում Աբխազիայի և Ռուսաստանի միջև աճող տարաձայնությունների և Մոսկվայի աջակցությամբ կառավարության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներին հանրային բացասական արձագանքի ֆոնին։

Դրանց թվում է Պիցունդայի պետական ​​ամառանոցի վաճառքը Ռուսաստանին՝ չնայած հանրային զայրույթին: Այս տարվա սկզբին կառավարությունը ստիպված եղավ հրաժարվել մի օրինագծից՝ այն ընդունելու համար խորհրդարանում բավարար ձայներ չունենալու պատճառով։ Օրինագիծը նախատեսում էր օրինականացնել օտարերկրյա քաղաքացիներին բնակարանների վաճառքը, ինչը Ռուսաստանը երկար ժամանակ է, ինչ պահանջում է։

Շամբան ռուսական օգնության ծրագրի կասեցումն անվանել է «լուրջ հարված» Աբխազիա-Ռուսաստան հարաբերություններին և ասել է, որ դրանով Ռուսաստանը կրճատում է Աբխազիայում բժիշկներին, ուսուցիչներին և անվտանգության ուժերին ցուցաբերվող օգնությունը։

Նա նաև հաստատել է, որ Ռուսաստանը Աբխազիային էլեկտրաէներգիան կվաճառի շուկայական գներով։ Աբխազիան մեծապես կախված է ռուսական սուբսիդավորվող էլեկտրաէներգիայից: «Սրանք ակնհայտորեն առաջին նման քայլերն են։ Բացի այդ, այսուհետ էլեկտրաէներգիայի ներկրման համար, որի կարիքը մենք ունենում ենք ամեն ձմեռ, պետք է վճարվի առևտրային գներով»,- ասել է Շամբան։

Շամբայի հայտարարությունը, ըստ երևույթին, հաստատում է օգոստոսի 29-ին արտահոսած փաստաթղթի բովանդակությունը, որն ամենայն հավանականությամբ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի և Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի միջև Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արձանագրությունն է։

Ըստ փաստաթղթի՝ Մոսկվան Սուխումիին տեղեկացրել է, որ կդադարեցնի ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը, քանի դեռ Աբխազիայում չեն իրականացվել մի շարք ռուսամետ բարեփոխումներ: Հաղորդվում է, որ այդ բարեփոխումների թվում են Ռուսաստանի քաղաքացիների կողմից Աբխազիայում անշարժ գույք գնելու սահմանափակումների վերացումը, դատարանների որոշումները փոխադարձաբար ճանաչող համաձայնագրի ընդունումը, օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը և ներդրումային գործունեության մասին համաձայնագրի վավերացումը:

Շամբան չի հաստատել գաղտնազերծված փաստաթղթի վավերականությունը, սակայն հայտարարել է, որ Աբխազիայի ԱԳՆ-ն նմանատիպ փաստաթուղթ չի ստացել, և որ ինքը չի կարող մեկնաբանել դրա բովանդակությունը:

«Փաստաթղթում առկա հարցերը քանիցս հնչել են նաև այլ հանդիպումներում, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում Աբխազիայի նախագահի, փոխնախագահի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Աբխազիայի խորհրդարանի խոսնակի և պատգամավորների հետ տարբեր հանդիպումներում»։

«Մեր պարտավորությունների չկատարումը կարող է հանգեցնել որոշակի պատժամիջոցների», ասել է Շամբան։

Նա շրջանցել է գաղտնազերծված փաստաթղթում Աբխազիային ներկայացված պահանջի վերաբերյալ հարցերը, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու նպատակով պատգամավորների և ընդդիմության առաջնորդների մասին տեղեկությունների տրամադրումը։

Փոխարենը ասել է, որ հանրությունը պետք է անհանգստանա ոչ թե ընդդիմադիր գործիչներին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու համար, այլ նրա, որ Աբխազիան փչացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Աբխազական սոցցանցերում Ռուսաստանի և Աբխազիայի հարաբերությունների ուղղությամբ այնքան բացասական հեղեղ է հորդում, և դա ընկնում է դեսպանի վրա։ Սա չի կարող չանդրադառնալ մեր հարաբերությունների վրա։ Եկեք միասին աշխատենք՝ մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»,- ասել է Շամբան։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Աբխազիայի բնակչության կեսից ավելին Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իրավունք ունի զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից «նրանց, ովքեր արժանի են նման պատժամիջոցների»՝ վկայակոչելով 2024-ին Հարավային Օսիայի պատգամավորներին ռուսական անձնագրերից զրկելու նախադեպը։

«Այսօր սա աշխարհում միանգամայն գործածական պատժամիջոց է, այն կիրառվում է անընդհատ։ Հեռուն չգնանք՝ Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավորները ևս զրկվել են քաղաքացիությունից։ Դա ռուսական կողմի իրավասությունն է։ Մենք որևէ կերպ չենք կարող ազդել այս հարցի վրա»։

«Պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս ենք շարունակելու ապրել, պատրա՞ստ ենք ձգել մեր գոտիները»,- ասել է Շամբան։

Մեկնաբանել