Իրանը Ռուսաստանին հորդորում է հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից․ Tasnim

Իրանում մեծ զգուշավորություն են ցուցաբերում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացասական աշխարհաքաղաքական հետևանքների հարցում և Ռուսաստանին հորդորում են հրաժարվել այս խնդրահարույց գաղափարին աջակցելուցգրում է իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

«Օգոստոսի 19-ին Բաքու կատարած այցի ժամանակ Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի կողմ են դրել Զանգեզուրի միջանցքի շուրջ տարաձայնությունները՝ երկու պետությունների միջև կայուն խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ֆոնին»,- գրում է գործակալությունը։

Հեղինակները մեջբերում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին․ «Հայաստանի ղեկավարությունն է, որ խոչընդոտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը: Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը»:

«Մոսկվան, Բաքուն և Անկարան 2020 թվականի վերջից ի վեր պնդում են «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման անհրաժեշտությունը: Ըստ Eurasianet-ի՝ երթուղին կկապի Ադրբեջանը և Թուրքիան, իսկ Ռուսաստանը հանդես կգա որպես անվտանգության երաշխավոր:

Մինչդեռ իրանցի պաշտոնյաները բազմիցս արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը տարածաշրջանի միջազգային սահմանների կամ աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխությանը:

Օգոստոսի 23-ին իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին վերահաստատել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը Թեհրանի աջակցությունը և ընդգծել է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության դեմ Իրանի դիրքորոշումը»,- նշում է կայքը։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Իրանի դեսպանը Մոսկվայում վերջերս բողոքել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումների դեմ:

«Իրանում փորձագետները խորհուրդ են տալիս Ռուսաստանին հաշվի առնել, որ Թեհրանը դեմ է Հայաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ կապող որևէ միջանցքի ստեղծմանը՝ ասելով, որ ռուսները չպետք է զարմանան՝ լսելով այս հարցի վերաբերյալ Իրանի օրինական, հստակ և անփոփոխ տեսակետների մասին։

Իրանը պնդում է, որ չկա որևէ կանոն, որով Հարավային Կովկասի տարածաշրջանում մեկ երկրի անվտանգությանն ու աշխարհաքաղաքական դիրքին մյուսների նկատմամբ առաջնահերթություն տրվի: Հետևաբար, Մոսկվան երբեք չպետք է ակնկալի, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը կօգտագործի Հայաստանի հետ վեճերը կարգավորելու համար:

Ռուսաստանին նաև խորհուրդ է տրվել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունները, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը նոր բախման կետ կստեղծի հյուսիսարևմտյան Իրանի շատ փխրուն սահմանների մոտ»,- ասված է հոդվածում։

***

Օգոստոսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար` առանց ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու և կասկածի տակ դնելու:

«Անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները։ Հիմա շատ բանկերում և կազմակերպություններում, որ նախկինում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն էր իրականացնում, մենք կամաց-կամաց այդ ֆունկցիան պետականից արտապատվիրակում ենք, ասում ենք՝ մասնավոր ընկերությունները կարող են այդտեղ ներգրավվել։ Մենք այս գաղափարները թափանցիկ կերպով կիսել ենք։ Իմ կարծիքով՝ ընկալումը դրական է և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում»,- ասել էր Փաշինյանը։

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերության փոխանցելու առաջարկի շուրջ պայմանավորվածության դեպքում Ադրբեջանում ևս նման ընկերություն պետք է լինի։ Նրա խոսքով՝ վերահսկողությունը մասնավոր ընկերությանը պատվիրակելու պարագայում Հայաստանի մաքսավորներն ու սահմանապահները շարունակելու են կանգնել ճանապարհին։

Մեկնաբանել