Կառավարության սեպտմբերի 4-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոսանքազրկումների խնդրին։ Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր մարզերում բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված. «Դրանից բողոքում են Երևանում, մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում»։ Փաշինյանը նշում է, որ կառավարության նիստի ընթացքում էլ հոսանքի անջատումը պետք է ազդակ լիներ, որ պրոբլեմներ կան։
«Հանձնարարել եմ, առաջիկայում ինձ մոտ պետք է խորհրդակցություն լինի։ Ակնկալում եմ բացատրություններ, թե ինչու է այդպես ու հստակ ծրագիր, թե ինչպես է այդ հարցն արագ լուծվելու։ Պրոբլեմը գնալով խորանում է, մենք պրոբլեմի խորացման ուղղությամբ ենք գնում»,- հայտարարեց Փաշինյանը՝ ասելով, որ խնդիրը լուծելու ծրագրեր է ակնկալում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ «վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը»։ Նրա խոսքով՝ սպասարկման բարելավմանն ուղղված «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ներդրումները նվազել, քանի որ ընկերության այդ միջոցներն ուղղվում են նոր բաժանորդներին էլեկտրաէներգիայով ապահովելուն։ Այնուհանդերձ, նա վստահեցրեց՝ որոշ կարգավորումներով ՀԷՑ-ի համար որոշ գումարներ են ազատվել՝ սպասարկման ուղղությամբ ներդրումներ կատարելու համար։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն դուրս է եկել զարգացման նոր ուղեծիր ու ենթակառուցվածքների զարգացման տեմպերի հետ խնդիրներ կան. «Դա վերաբերում է ջրին, հոսանքին, ճանապարհներին… գազի հետ քիչ թե շատ նորմալ վիճակ է»,- ասաց նա։