«Զվարթնոց» օդանավակայանը կորած ճամպրուկներ չի վաճառում․ տարածվող գրառումները կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ «Զվարթնոց» օդանավակայանի անունից՝ հայտարարությամբ, թե օդանավակայանը 425 դրամով վաճառում է «հաճախորդների կորած իրերով ճամպրուկները»։

Գովազդային այս գրառումները տարածում են ֆեյսբուքյան մի քանի էջեր, որոնք ստեղծվել են 2024-ի սեպտեմբերի 4-ին, նույն օրն էլ էջում գովազդային գրառումներն են տեղադրվել։

Տարածվող գրառման լուսանկարը խմբագրված է (photoshop), իսկ լուսանկարը հին է, ընդ որում` ոչ թե «Զվարթնոցից» է, այլ՝ Լոնդոնի օդանավակայաններից մեկից, որտեղ 2022-ին անձնակազմի պակասի պատճառով ուղեբեռների հետ կապված քաոսային իրավիճակ էր ստեղծվել։

1-ին լուսանկարում սոցցանցերում տարածվող լուսանկարն է, 2-րդում՝ Լոնդոնի օդանավակայաններից մեկի սպասասրահը։

Ի դեպ, գրառումների տակ մեկնաբանություններ թողած օգտատերերը, որոնք իբր արդեն ձեռք են բերել ճամպրուկները, հայեր չեն։

Էկրանապատկերը՝ կեղծ՝ «Զվարթնոց միջազգային օդանավակայան» ֆեյսբուքյան էջից

«Զվարթնոց» օդանավակայանից #CivilNetCheck-ի հետ զրույցում ևս հերքեցին կապն այս էջերի հետ։

«Կորած ուղեբեռը մնում է օդանավակայանում այնքան ժամանակ, մինչև հանձնվում է ուղևորին»,- ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ուղեբեռը կորցնելու դեպքում ուղևորը պետք է դիմի օդանավակայանի «Կորած և գտնված ուղեբեռների/իրերի բաժին»։

Ֆեյսբուքի հայկական տիրույթից բացի, նույնաբովանդակ գովազդային կեղծ գրառումներ են տարածվում նաև անգլերենով։

Ինչ վտանգ են պարունակում կեղծ գրառումները

Կորցրած ճամպրուկը գնելու համար պետք է այցելել կցված կայքը, որտեղից իրականում հնարավոր չէ գնել ճամպրուկը, իսկ կայքն ինքնին համակարգչային վիրուսներ է պարունակում։

Էկրանապատկերը՝ nordvpn.com-ից

Այսպիսով, ֆեյսբուքում տարածվող գովազդային գրառումները «Զվարթնոց» օդանավակայանից կորած ուղեբեռ գնելու վերաբերյալ, կեղծ են։

Մեկնաբանել