3+3 ձևաչափով նոր հանդիպման օրը որոշված է․ Իրանի դեսպան

Հայաստանով միջանցքի մասին ոմանց երազներն իրականություն չեն դառնա, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում` այսպես կոչված միջանցքի, իրականություն չեն դառնա»,- ասել է դեսպանը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։

Դեսպանի խոսքով՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը։ Նա հայտարարել է՝ Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։

«Մենք կողմ ենք, որ այն, ինչ կատարվում է, լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի Հանրապետության կողմից, և մենք կողմ չենք, որ այլ երկրներից գան այստեղ ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանեն»,- ասել է Սոբհանին։

Իրանի դեսպանը լսել է ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանը հանձնելու առաջարկի մասին, բայց խոսքը անվտանգության ապահովման մասին չէ․ «Խոսքն այն մասին է, որ որևէ առևտրային ընկերության ներկայացուցիչ իր բեռը փոխադրելիս կարող է ներկա լինել այդ ճանապարհին»։ Սոբհանին նշում է, որ իր տեղեկություններով` ճանապարհի անվտանգությունն ու վերհասկողությունը լինելու է ՀՀ կառավարության կողմից։

Դեսպանը նաև հայտնել է, որ որոշված է Թուրքիայում կայանալիք 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը․ «Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»։

2020-ի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) համագործակցության հարթակ ստեղծելու առաջարկներ հնչեցին։ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացավ 3+3 ձևաչափով նախանիստ՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ 2023-ի հոկտեմբերին Թեհրանում արդեն հանդիպել են վեց երկրների արտգործնախարարները։ Հարթակի երկու հանդիպումներին էլ Վրաստանը չի մասնակցել։ 3+3 ձևաչափով առաջիկա հանդիպումը կայանալու է Թուրքիայում։

Մեկնաբանել