Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Ֆեյսբուքում բազմահազար հետևորդներ ունեցող էջեր տարածում են գրառումներ՝ պնդումով, թե «Ռուսաց լեզու» առարկան ամբողջությամբ հանվելու է դպրոցական ծրագրից։
Այս գրառումները բավականին տարածում են ստացել։ Մեկնաբանություններում օգտատերերը «լուրին» արձագաքնում են՝ «սխալ որոշում», «հիմարություն», «կրթական համակարգը տապալված է» և այլ բացասական տեքստերով։
Մինչդեռ, երբ բացում ենք գրառումներին կցված հղումները, պարզվում է՝ ֆեյսբուքյան էջերը իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածում։ Անգամ հոդվածների վերնագրերը՝ ««Ռուսաց լեզու» առարկան դպրոցներում պարտադիր կարգավիճակից անցել է ըստ ցանկության», հակասում են գրառումների բովանդակությանը։
Ֆեյսբուքյան էջերը աղավաղել են լրատվամիջոցի լուրը
Այսպես, կցված հոդվածներում մեջբերվում է «Sputnik Արմենիա»-ի ավելի վաղ հրապարակած հոդվածը, որում լրատվամիջոցը գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերականի մասին, ըստ որի՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Սակայն ըստ պետական չափորոշիչի՝ «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ կատարվող փոփոխությունները էական չեն։
«Դա էական փոփոխություն չէ, քանի որ Հանրակրթության պետական չափորոշիչն ավելի բարձր մակարդակի փաստաթուղթ է, քան ուսումնական պլանը։ Այնտեղ հստակ գրված է, որ 2-րդ դասարանում դասավանդվում է 1 օտար լեզու, և այդ օտար լեզուն ռուսաց լեզուն է։ 3-12–րդ դասարաններում երեխաներն անցնում են 2 օտար լեզու, որոնցից մեկը ռուսաց լեզուն է։ Այսինքն բուն չափորոշիչների առումով որևէ խնդիր չկա»,– ասել է նա՝ հավելելով, որ խնդիր կարող է առաջանալ ժամաքանակների հետ կապված։ Այսինքն՝ դպրոցը կարող է որոշել ավելի շատ ժամ տալ, օրինակ, «Անգլերենին», քան «Ռուսաց լեզվին»։ Դա թողնվում է դպրոցների տնօրենների հայեցողությանը։
Այսպիսով, ֆեյսբուքյան էջերը սխալ լուրեր են տարածում «Ռուսաց լեզու» առարկայի՝ դպրոցական ծրագրից ամբողջությամբ հանվելու վերաբերյալ։ Անգամ գրառումներին կցված հոդվածում այլ բան է գրված։
CivilNetCheck
Civilnet











