«Մայրենի 3» դասագրքի կազմին «այրվող դրոշ» և՛ կա, և՛ չկա. խառնաշփոթի հետքերով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվում է «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջի լուսանկարը, որտեղ Հայաստանի դրոշն է՝ վերևում կրակ, իսկ կազմի խորհրդանշաններից մեկում ձեռքսեղմման պատկեր է։ Կազմը տարածվում է՝ «այրվող եռագույնն է», «ՔՊ-ի խորհրդանիշը» ձևակերպումներով։

Դասագրքի հեղինակն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում են, ծնողները մեկնաբանություններում հրապարակում «այրվող եռագույնով» դասագրքի լուսանկարը։

#CivilNetCheck-ը փորձել է գլուխ հանել «Մայրենի 3» դասագրքի հետ կապված խառնաշփոթից։

Ի՞նչ պարզաբանումներ հնչեցին դասագրքի հետ կապված

Դասագրքի հեղինակը արձագանքել է տարածվող լուրերին՝ նշելով, որ «նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ»: Գրառման հետ հեղինակը կցել է նաև իրենց ներկայացրած տարբերակի լուսանկարը, որտեղ դրոշը բացակայում է։

Էկրանապատկերը՝ Վաչագան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից

Վաչագան Սարգսյանը կազմի վերջին էջի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը մի քանի անգամ խմբագրել է՝ սկզբում նշելով, որ «հավանաբար տպարանում ինչ-որ թյուրիմացություն է եղել», ապա հեռացրել այդ հատվածը։

Էկրանապատկերը՝ Վաչագան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

#CivilNetCheck-ի հետ զրույցում կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից հերքեցին տարածվող տարբերակը՝ նշելով, որ տարածվող լուսանկարը խմբագրված է (photoshop), և բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» էջում, որտեղ ևս երևում է, որ դասագրքի վերջին էջում այրվող դրոշով նկար չկա:

ԿԳՄՍՆ-ի նշած կայքում իսկապես Վաչագան Սարգսյանի տեղադրած տարբերակն է՝ առանց այրվող դրոշի։

Էկրանապատկերը՝ dish.am-ից

Ինչ վերաբերում է «ՔՊ-ի խորհրդանիշը» կազմի վրա պատկերելուն, հեղինակը մեկնաբանություններում պատասխանել է, որ դա համագործակցության նշանն է։

«Այդ նշանը համագործակցության նշանն է, որը ես գործածել եմ իմ Այբբենարանում դեռևս քառորդ դար առաջ և մինչև հիմա էլ գործածվում է»,- գրել է գրքի հեղինակը:

Ի՞նչ են պնդում ծնողները

Չնայած պարզաբանումներին՝ ծնողները մեկնաբանություններում հրապարակում են այլ պատկերով լուսանկարներ։

Էկրանապատկերը Վաչագան Սարգսյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեկնաբանություններից

Տեսակապի միջոցով կապ հաստատեցինք ծնողներից մեկի հետ, որը ցույց տվեց «Մայրենի 3» դասագրքի կազմը, որտեղից երևում է, որ դասագրքի վերջին էջի կազմի նկարում և՛ դրոշ կա, և՛ կրակ, ինչն էլ տարբեր կերպ էր մեկնաբանվել օգտատերերի կողմից։

Տեսանյութում՝ ծնողներից մեկի ցուցադրած «Մայրենի 3» դասագիրքը

«Անտարեսը» ևս հաստատում է դասագրքի՝ ծնողների կողմից տարածված լուսանկարը

#CivilNetCheck-ը կապ է հաստատել նաև դասագիրքը հրատարակած «Անտարես» հրատարակչության հետ, որի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը հաստատեց, որ տպագրված դասագրքի կազմի վերջին էջում և՛ դրոշ կա, և՛ կրակ։

«Ես չեմ տեսնում այրվող դրոշ, ով ուզում է տեսնել այրվող դրոշ, նա տեսնում է այրվող դրոշ։ Ես տեսնում եմ դրոշ, որը լույս ու ջերմություն է ճառագում, թշնամու համար կրակ։ […] Արև եմ տեսնում, ողջույն եմ տեսնում, ձեռքսեղմել եմ տեսնում, համաձայնություն եմ տեսնում։ Ով ինչ ուզում է, տեսնում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

«Անտարես» հրատարակչությունից տրամադրել են նաև տեսանյութ, որտեղ բացատրվում է, թե ինչ տեխնիկական խնդիրների պատճառով է դասագիրքը տպվել միաժմանակ դրոշով և կրակով տարբերակով, որը չի եղել գրքի ներկայացված տարբերակում։

Ըստ պարզաբանող տեսանյութի՝ դասագրքի արտաքին տեսքը կազմված է երեք շերտից։ Տեխնիկական խնդրի պատճառով կազմի դիմային պատկերը, որին առկա էր ՀՀ դրոշը, հայտնվել է վերջին էջին, որին էլ ավելացվել է պլանավորված պատկերը։ Արդյունքում՝ կազմի վերջին էջի վրա երևացել է առաջին էջից մի հատված, այդ թվում՝ ՀՀ դրոշը։ Մանրամասները տեսանյութում։


Տեսանյութում՝ «Անտարես» հրատարակչության տրամադրած տեսանյութը

Այսպիսով, ի սկսբանե «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջում, ըստ հեղինակի ներկայացված տարբերակի, միաժամանակ չի եղել դրոշ և կրակ, բայց տեխնիկական խնդրի պատճառով դասագիրքը նման կերպ է տպագրվել, և որոշ աշակերտներ այդ տարբերակով տպագրված դասագիրքն են ստացել։

Մեկնաբանել