Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստին ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հիշեցրեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության մասին՝ առաջարկելով վերականգնել այս ձևաչափը։

Խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ հարկավոր է ոչ թե վերականգնել, այլ չեղարկել այդ ձևաչափը։

«Երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկն այլևս չունի։ Ես չգիտեմ՝ ում հետ պետք է քննարկում անցկացնեմ հավանական նիստին»,- շեշտեց Սիմոնյանը։

Նա նաև հավելեց, որ Արցախի Հանրապետությունն «ինքն իրեն լուծարել է՝ Արցախի պաշտոնյաների որոշմամբ»։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Ըստ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ այս հրամանագիրը Շահրամանյանը հատուկ է ստորագրել, որ «կանխի ջարդը, սակայն այն չի հրապարակվել, ավելին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքով՝ նման հրամանագիր գոյություն չունի»։

Ալեն Սիմոնյանն էլ դիմելով ընդդիմությանն ասաց․ «Երբ որ թուղթ էիք ստորագրում (նկատի ունի Արցախի լուծարման հրամանագիրը – խմբ․), տակը կետ գրեիք, որ այն գործում է այսինչ ժամից այնինչ ժամը, գործում է այս տարածքից այն տարածքում և մենք սրա մասին պարզապես ասում ենք։ Հայաստանում կա մի իշխանություն, այն Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել