Լուսինե Հովհաննիսյան
Մինչ շարքային մարդիկ չափազանց համեստ ռեսուրսով փորձում են գտնել հայաստանցի-ղարաբաղցի, հաճախ երկուստեք, բայց այս պահին հայաստանցիների կողմից ավելի անթույլատրելի, անշնորհք ու անտրամաբանական առճակատման զիգոտային բջիջը՝ այն վերացնելու համար, սեպտեմբերի իննի առավոտյան, Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ, մեծարգո Ալեն Սիմոնյանը, հարցազրույցի ընթացքում հնչեցնում է․ «Հայաստանի Հանրապետությունը զոհել է ԱՅՆՏԵՂ իր երեխաներին, իր ժողովրդի, իր պետության բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ, և ամեն ինչը գնացել և ապահովվել է Հայաստանի Հանրապետության կողմից․․․»։
«Այնտեղ»-ը, ինչպես հասկացաք, Լեռնային Ղարաբաղն է։
Նշածս խնդիրը պետական մակարդակով լուծվելիք հարց է։ Բայց պետական մակարդակը սա է։
Այս նախադասությունը այսօր կեսօրին, արդեն ավելի ինքնավստահ կկրկնի տրոլեյբուսի վարորդը՝ արցախցի ուղևորի ետևից, տաքսու վարորդը, որ ամենազարհուրելին է՝ ուսուցիչը, բժիշկը և մի կին՝ երթուղային մեքենայում՝ երթուղայինի պայմաններից նեղված։
Ինչպես կարելի է արտասանել նույն միտքը, որն ի դեպ՝ բովանդակային առումով ամբողջությամբ ճիշտ է, ընդամենը մատուցումն է թշնամական, որ ընկալելի և ընդունելի լինի։
Եվ այսպես, այս նույն մտքի նորմալ, մարդկային տարբերակը․
Հայաստանի Հանրապետությունը հանուն մեր հայկական Արցախի զոհել է իր հայաստանցի և արցախցի զավակներին, Հայաստանի ժողովուրդը տարիներ շարունակ պատրաստ է եղել իր և Հայաստանի Հանրապետության բյուջեից կտրել հանուն Լեռնային Ղարաբաղը հայկական պահելու, և տարիներ շարունակ պատրաստ է եղել և ամեն ինչ արել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ապահովելու համար, ինչը արցախցիները հրաշալի գիտեն և գնահատում են»։
Այնինչ, գովազդվում է հաշիվ մաքրելու միտքը։
Մի՞տքը։ Այստեղ կարող էր լիներ այլ բառ։
Պարագլուխը մի խոշոր առավելություն ունի ենթակաների համեմատ․ նրա խոսքն ավելի բարձր վիրուլենտություն ունի՝ միկրոօրգանիզմի կամ վիրուսի՝ հիվանդություն և մահ առաջացնելու ընդունակության տոկոսն ավելի բարձր է, բայց, պարագլուխը հնչեցնում է առաջին ձեռքի նախադասություն, առաջին անգամ և տարածումը դեռ մեծ չէ։
Երբ նախադասությունը կրկնում է պարագլխից դեպի վար՝ ավելի ստորին օղակը արդեն որերորդ անգամ, այն, կոնտագիոզության առումով ավելի բարձր է արդեն՝ բազմակի կրկնողության հետևանքով, ավելի մեծ արեալ ընդգրկելու շնորհիվ։
Ժողովրդի համար պետք է կամ Աստված լինես, կամ՝ ոչինչ, թող ների մտքի հեղինակը «ամբոխ» վիրավորական բառը «ժողովրդով» փոխելու համար։
Եվ որպես վերջաբան․ «Այնտեղ»-ի մասին մեծարգոն ասել էր․ «Արցախը Հայաստան է և վերջ»․ 2019-ի օգոստոսին։ Սխալվել էր, հա՞, երևի։