Հայաստանում քննարկումներ են ընթանում Եվրամիության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ։ Այդ մասին մասին սեպտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Նրա խոսքով՝ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթից հետո Հայաստանում ընթանում են քննարկումներ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ․ «Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները»:
Փաշինյանի կարծիքով՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի այցը կնպաստի Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանը․ «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում:
Մարգարիտիս Սխինասը շեշտել է Եվրամիության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու ՀՀ-ում բարեփոխումների առաջմղմանը: Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը Վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:
***
2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»:
Հայաստանի մի խումբ ուժեր 2024-ի սեպտեմբերի 5-ին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար: Եթե նախաձեռնության հեղինակներին հաջողվի 60 օրում հավաքել 50 հազար ստորագրություն, նրանք կկարողանան իրենց հեղինակած՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը ներկայացնել խորհրդարան։ Նույն ուժերն ամիսներ առաջ այս հարցով խորհրդարանական լսումներ էին անցկացրել։