Հնդկաստանի պաշտպանական արտահանումը յոթ տարում աճել է 14 անգամ 

Հնդկաստանի պաշտպանական արտահանումը 2017-ի 180 մլն դոլարից աճել է՝ 2024-ին հասնելով 2,5 մլրդ դոլարի․ այս մասին նշվում է Antique Stock Broking խորհրդատվական ընկերության զեկույցում, հաղորդում է հնդկական The Economic Times թերթը։

Զեկույցում ասվում է, որ գլոբալ տեղաշարժը դեպի «Չինաստան+1» ռազմավարություն և ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հնդկաստանին լրացուցիչ հնարավորություններ են տալիս լրացնելու մատակարարման շղթաների բացերը՝ հնարավորինս բարձրացնելով սեփական մասնաբաժինը համաշխարհային պաշտպանական արդյունաբերության մեջ: («Չինաստան+1» ռազմավարությունը վերաբերում է կորպորացիաների այն քաղաքականությանը, որոնք քայլեր են ձեռնարկում նվազեցնելու չափազանց մեծ կախվածությունը Չինաստանից՝ որպես արտադրական հանգույցի՝ բազմազանեցնելով մատակարարման շղթաները և դրանցում ներառելով առնվազն մեկ այլ երկրի)։

Զեկույցում նշվում է, որ համաշխարհային պաշտպանական արտադրական հանգույց դառնալու Հնդկաստանի երկարաժամկետ նպատակի շարժիչ ուժը պետական պաշտպանական ձեռնարկություններն են, մասնավոր ընկերությունները, սկսնակ ձեռնարկություններն ու ՓՄՁ-ները: Այդ նպատակին հասնելու համար, ըստ զեկույցի, շատ կարևոր է զարգացած ներքին էկոհամակարգը, քանի որ դրսի ներկրումներից ցածր կախվածությունը արագացնում է վերջնական արտադրանքի թողարկման հաստատումը, որին չեն խոչընդոտում միջազգային տարաձայնությունները։

Զեկույցում նաև նշվում է, որ Հնդկաստանի ՊՆ-ն կարևոր քայլեր է նախաձեռնել, որպեսզի ներգրավի հնդիկ մասնավոր խաղացողների և սպառազինությունների դետալներ արտադրող գլոբալ ձեռնարկությունների, այդ թվում՝ օդատիեզերական պարկերի և պաշտպանական միջանցքների ստեղծման, նախագծերի արագ հաստատման և պաշտպանական օբյեկտների մշակման և փորձարկման համար:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են օդատիեզերական գլոբալ ընկերությունների համար Հնդկաստանում տեխնիկական սպասարկման, վերանորոգման և կապիտալ վերանորոգման հատվածի մեծ ներուժը՝ շնորհիվ տեխնիկական փորձաքննության և մրցունակ ծախսային լուծումների՝ համեմատած համաշխարհային այլ մրցակիցների։

Հնդկաստանը մտադիր է մինչև 2029-ը ավելացնել պաշտպանական ներքին շրջանառությունը մինչև 35,7 մլրդ դոլարի, որից մոտ 6 մլրդ դոլարը՝ արտահանման համար։ Ակնկալվում է, որ այս աճը կնպաստի Հնդկաստանի ներմուծման ընդհանուր նվազեցմանը, քանի որ Հնդկաստանը աշխարհում սպառազինության խոշորագույն ներկրողն է:

Հնդկաստանի կառավարության Atmanirbhar Bharat («Ինքնաբավ Հնդկաստան») նախաձեռնության ներքո պաշտպանական ծախսերի 75 տոկոսն այժմ վերապահված է ներքին դերակատարներին՝ 2021 ֆինանսական տարվա 49 տոկոսի դիմաց:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական մարտահրավերները և արդիականացման կարիքները՝ Հնդկաստանը նախատեսում է մոտ 100 մլրդ դոլար ուղղել ներքին գնումներին՝ տեղական ընկերությունների համար բացելով բիզնեսի մեծ հնարավորություններ:

Հնդկաստանի ՊՆ-ի տվյալներով՝ երկրի պաշտպանական արտադրությունը 2023-24 ֆինանսական տարում աճել է աննախադեպ 16,8 տոկոսով:

* Հայաստանը հնդկական զենքի ներկրումներում առաջատարներից է․ 2024-25 ֆինանսական տարվա համար Հայաստանին մատակարարվելիք հնդկական զենքի գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է 600 մլն դոլարը։

Մեկնաբանել