Ինչո՞ւ է նվազեցվում տոկոսադրույքը․ ԿԲ-ի դիտարկումները

Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը սեպտեմբերի 10-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0,25%-ով` սահմանելով 7,5%: ԿԲ-ն 2023-ի հունիսից պարբերաբար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նշանակում է, որ փողը շուկայում առավել հասանելի է դառնում։ Նախօրեի որոշման հետ ԿԲ-ն հրապարակել է տնտեսական իրավիճակի ամփոփագիր, որից որոշ դրվագներ ներկայացնում ենք ստորև։

Ինչո՞ւ է ԿԲ-ն իջեցրել տոկոսադրույքը

Տոկոսադրույքի իջեցման որոշման հիմքում, ինչպես հայտնում են ԿԲ-ից, դրված են սցենարային ուսումնասիրություններ: Մի կողմից, եղել են մտահոգություններ երկրի ռիսկերի և տոկոսադրույքների մասին, որոնք կարող էին պահանջել ավելի խիստ մոտեցում: Մյուս կողմից, առկա են նշաններ, որ տնտեսության մեջ պահանջարկը թույլ է, ինչը կարող էր հանգեցնել երկարատև ցածր գնաճի:

Հաշվի առնելով այս բոլոր գործոնները, ԿԲ-ն որոշել է դանդաղ, բայց հետևողականորեն իջեցնել տոկոսադրույքները:

Շուկայի մասնակիցները՝ բանկերը, ներդրողները և ֆինանսական հաստատությունները, կարծում են, որ ԿԲ-ն կշարունակի իջեցնել տոկոսադրույքը հաջորդ որոշումների ընթացքում: Սա նշանակում է, որ նրանք ակնկալում են, որ տնտեսական պայմանները կբարելավվեն:

ԿԲ-ից նաև նշում են կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության իջեցման մասին, ինչը ցույց է տալիս, որ շուկան հավատում է տոկոսադրույքների նվազմանը: Սակայն երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը մնացել է նույնը, ինչը վկայում է, որ դեռ կան անորոշություններ:

Հայաստանի ռիսկերը՝ համեմատած այլ երկրների հետ

ԿԲ-ի ամփոփագրում նշվում է, որ ի տարբերություն շատ այլ զարգացող երկրների, Հայաստանի ռիսկի գնահատականը մնացել է կայուն և ցածր: Սա լավ նորություն է: Սակայն վերջին շաբաթներին նկատվել է փոքր աճ այս ցուցանիշում:

ԿԲ-ն բացատրում է, որ սա կապված է Հայաստանի և տարածաշրջանի առանձնահատկությունների հետ: Օրինակ՝ սահմանային լարվածությունը և տարածաշրջանային քաղաքական իրադարձությունները ազդում են նաև ֆինանսատնտեսական հատվածում որոշումների վրա:

Դիտարկված տարբերակներ

ԿԲ-ն դիտարկել է զարգացումների երկու հիմնական սցենար:

Առաջին սցենարում ենթադրվում է, որ կարող է պետք լինել պահպանել ավելի բարձր տոկոսադրույք, քան շուկան ակնկալում է: Սա կարող է անհրաժեշտ լինել, եթե երկրի ռիսկերը հանկարծակի աճեն՝ կապված տարածաշրջանային լարվածության կամ քաղաքական այլ իրադարձությունների հետ:

Երկրորդ սցենարում դիտարկվում է ավելի ցածր տոկոսադրույքի հնարավորությունը: Սա կարող է անհրաժեշտ լինել, եթե տնտեսության մեջ պահանջարկը շարունակի թույլ մնալ:

Աշխատաշուկայի վիճակը

ԿԲ-ի փորձագետները նշում են, որ 2024-ի առաջին երեք ամիսներին գործազրկության մակարդակն աճել է՝ հասնելով 15,5%-ի: Սա բարձր ցուցանիշ է և մտահոգիչ:

Միևնույն ժամանակ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն աճել է: Ըստ ԿԲ-ի՝ սա կարող է նշանակել, որ ստվերային տնտեսությունը կրճատվում է, ավելի շատ մարդ է անցնում օրինական աշխատանքի:

ԿԲ-ն նաև նշում է, որ մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը դանդաղել է: 2024-ի հուլիսին աշխատավարձերն աճել են միայն 4,1%-ով՝ նախորդ տարվա համեմատ: Սա ցույց է տալիս, որ աշխատաշուկայում ճնշումները թուլանում են:

Գների փոփոխություններ

2024-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում գները մնացել են համեմատաբար կայուն: Գնաճը 2024-ի օգոստոսին կազմել է 1,3%: Սա ցածր ցուցանիշ է և ավելի քիչ, քան ԿԲ-ի նպատակադրած միջակայքն է` 4% (+/- 1,5%):

ԿԲ-ն առանձին դիտարկում է տեղական ապրանքների և ծառայությունների գները: Այս ապրանքների գները հուլիսին աճել են 2,4%-ով, ինչը համարվում է կայուն: Միևնույն ժամանակ, ներկրվող ապրանքների և ծառայությունների գները նվազել են:

Ըստ ԿԲ-ի՝ դեռ կան անորոշություններ կապված նրա հետ, թե ինչ են մարդիկ սպասում գների փոփոխություններից ապագայում:

Լիա Ավագյան

Մեկնաբանել