Խանջյան փողոցի փլուզված շինությունում այլևս մարդ չկա. ԱԻՆ

«Չիլինգարյան դիզայն և շինարարություն» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ ճշգրտելով կիսակառույցում աշխատող բանվորների թիվը և համոզվելով նաև օդային հետախուզությամբ, որ փլատակներում այլևս մարդ չկա, ընգրկելով հատուկ տեխնիկա` փրկարարները ձեռնամուխ են եղել փլուզված և շրջապատի համար վտանգավոր դարձած կիսակառույց շենքի անվտանգության ապահովմանը տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրվաիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում և կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ: Փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 տուժածի: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է տուժածների ինքնությունը` Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.): Բժիշկների գնահատմամբ` Արսեն Հայրապետյանի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածներինը` ծանր:

Փրկարարները նախապես նշել են, որ ապահովվելու է համապատասխան լուսավորություն, և իրենք դեպքի վայրում շարունակելու են աշխատանքներն այնքան ժամանակ, մինչև չհամոզվեն, որ փլատակներում այլևս մարդ չկա:

Մեկնաբանել