Քարածխային կոմբինացիաներ

Կառավարությունն ընդառաջել է «Հանա Տրանս» ընկերությանը (պատկանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկ Նարեկ Սարգսյանին) և ֌950 հազ-ով վերջինիս վաճառել 502 քմ մակերեսով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նախկին հյուրանոցի շենքը և 0,29 հա մակերեսով հողամասը Վարդենիսում։ Շուկայի ներկա գներով՝ նմանատիպ շինություն ձեռք բերելու համար «Հանա Տրանս» ընկերությունը պետք է վճարեր ֌18 մլն։

Կառավարության երեկվա որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հանա Տրանսը» գրությամբ դիմել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղում արդյունահանվող ածխի հումքով Երևանի ջէկի տարածքում նախատեսում է ջուր-ածխային վառելիքի արտադրության կազմակերպում։ Այդ ծրագրի շրջանակում տարեկան շուրջ 2 հազ. տոննա ածուխ է տեղափոխվելու ԼՂՀ-ից մինչև Վարդենիսի երկաթուղային կայարան, որտեղից էլ՝ երկաթուղով մինչև Երևան։ «Ելնելով աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունից՝ ընկերությունը խնդրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել ընկերությանը»,– նշված է հիմնավորման մեջ։

Որոշման հիմնավորումից երևում է, որ «Հանա Տրանսին» նախկին հյուրանոցի օտարումը բավական բարդ գործընթաց է անցել։ Նախ՝ այն հանվել է Հարավկովկասյան երկաթուղուն փոխանցված կոնցեսիոն ակտիվներից (սկզբնական արժեքը՝ ֌1,8 մլն) և փոխանցվել տրանսպորտի և կապի նախարարությանը, վերջինս էլ շինությունը հանձնել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։ Էներգետիկայի նախարարությունը, իր հերթին, նախկին հյուրանոցի ու կից հողամասի շուկայական գնահատումը պատվիրել է «Կռունկ» ընկերությանը։ Ակտիվը գնահատվել է ֌950 հազ.։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին Վարդենիսում բազմաբնակարան շենքի 1 քմ շուկայական գինը կազմել է ֌36 հազ., ինչը նշանակում է, որ 502 քմ մակերեսով շինություն ձեռք բերելու համար «Հանա Տրանսը» պետք է վճարեր ֌18 մլն, այնինչ վճարել է մոտ 20 անգամ քիչ։

Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը «օժանդակում է» «Հանա Տրանս» ընկերությանը։ Այս տարվա փետրվարին կառավարությունը որոշում է ընդունել ներդրումային ծրագրի շրջանակում «Հանա Տրանս» ընկերության համար ֌300 մլն-ը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում երեք տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը։ Հարկային արտոնությունն ընկերությունը ստացել է ֌1,9 մլրդ-ով 40 SCANIA ինքնաթափ ավտոմեքենաների ձեռքբերման համար։

Ուշագրավ է, որ Պետական եկամուտների կոմիտեն որոշակի մտավախություններ է ունեցել ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու առումով։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը ստեղծվել է 2011թ., ուստի հնարավոր չէ պատկերացում կազմել վերջինիս նախորդ տարիների տնտեսական գործունեության արդյունքների մասին, ինչը բարձրացնում է ռիսկայնության աստիճանը:

Կառավարության երեկվա որոշման հիմնավորումը լույս է սփռում Երևանի ջէկում Մաղավուզի քարածխով և ջուր-ածխային տեխնոլոգիայով էլեկտրաէներգիայի արտադրության որոշ մանրամասների վրա։ Մաղավուզի քարածխի հանքավայրը շահագործում է «Էներգիա պլյուս» ընկերությունը, էլեկտրաէներգիան արտադրելու է «Երևան ՋԷԿ»-ը, սակայն հումքը Երևան տեղափոխելու ու, ինչպես պարզվեց կառավարության երեկվա որոշման հիմնավորումից, նաև ջուր-ածխային վառելիքի արտադրությունը կազմակերպելու է «Հանա Տրանսը»։ Վերջինս «քարածուխ-էլեկտրաէներգիա» սխեմայում ըստ էության ստանձնում է կրկնակի միջնորդի ֆունկցիա, ինչն արհեստականորեն բարձրացնելու է վերջնական արտադրանքի գինը։

Մեկնաբանել