Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել համաձայնեցված 16 հոդվածներով, հետագայում շարունակել աշխատանքը մյուս հոդվածների ուղղությամբ․ այսօր կառավարություն – Ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանն ասում է՝ չէ, կարևոր հարցեր կան, որ պետք է արտահայտվեն, մենք ասում ենք՝ իսկ եթե այդ կարևոր հարցերը արտահայտվեն, էլ չե՞ն լինելու այլ կարևոր հարցեր։ Այսինքն, ամբողջ կարևոր հարցերի ցանկը սպառելո՞ւ ենք։ Եթե նույնիսկ 40, 50 հոդված լինի, դա, միևնույն է, բոլոր հարցերի պատասխանը չի տալու»,- հայտարարեց վարչապետը՝ մանրամասնելով, որ խաղաղության պայմանագրի որոշ հոդվածներ մասնակի են համաձայնեցված՝ կա նախադասություն, որ համաձայնեցված է, կա նախադասություն, որ համաձայնեցված չէ, վերնագիրն ու նախաբանը լիովին համաձայնեցված են։
Փաշինյանն առաջարկում է «ֆունդամենտալ, կարևոր հարցերը ստորագրել, և գնալ առաջ»։ «Իսկ եթե կանխավարկածն այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր երբեք չեն ստորագրի։ Եթե ևս չորս կարևոր հարց համաձայնեցնենք, կմնա էլի չորս կարևոր հարց, որ կարիք կլինի համաձայնեցնելու, հետո ևս չորսը և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
2024-ի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու է մի քանի տասնյակ հազար մարդ։