Ինչպես էր Հայաստանը հայտնվել Պուտինին «ձերբակալելու» հռչակագիրը ստորագրած երկրների ցուցակում  

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սեպտեմբերի 6-ին ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են Եվրոպայի խորհրդի հռչակագիրը, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։

Ավելի ուշ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հերքեցին՝ Հայաստանի՝ հռչակագրին միանալու լուրը, սակայն և՛ հայկական, և՛ ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ փաստաթղթի սկզբնական տարբերակում եղել է Հայաստանը, ապա ստորագրությունը հետ է կանչվել։

#CivilNetCheck-ը դիմել է Լիտվայի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին` հռչակագրի շուրջ ստեղծված խառնաշփոթը հասկանալու համար։

Ինչպե՞ս է Հայաստանի անունը հայտնվել հռչակագրի սկզբնական տարբերակում

Սեպտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր էին ընդունել, որով նախատեսվում է ստեղծել միջազգային հատուկ տրիբունալ ՌԴ-ի՝ Ուկրաինայում կատարած հանցագործությունները քննելու համար

Համաժողովը տեղի էր ունեցել Վիլնյուսում՝ Լիտվայի նախագահությամբ։

Հայաստանի անունն իսկապես առկա էր փաստաթղթի սկզբնական տարբերակում, որը համացանցում արխիվացվել էր։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Լիտվայի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ փաստաթղթի հաստատումը մի քանի փուլով է ընթանում։ Փաստաթղթի սկզբնական տարբերակն ուղարկվում է անդամ պետություններին, եթե առարկություններ չեն լինում, հռչակագիրը համաձայնեցված է համարվում անդամ պետությունների հետ։ Համաժողովի մասնակից դիտորդ պետություններին զգուշացվել է նաև, որ ստորագրման պաշտոնական գործընթաց չի լինելու։

«Հայաստանն ի սկզբանե նշված է եղել որպես հռչակագիրը ստորագրած երկիր, քանի որ լուռ ընթացակարգի (լուռ ընթացակարգի փուլում, եթե որևէ առարկություն չի լինում, ապա փաստաթուղթը համարվում է համաձայնեցված) ընթացքում, համաժողովից առաջ կամ դրա ընթացքում պետության կողմից որևէ առարկություն չի եղել»,- ասված է Լիտվայի արդարադատության նախարարության պատասխանում։

Էկրանապատկերը՝ Լիտվայի արդարադատության նախարարության պատասխանից

Համաժողովից հետո Հայաստանից հայտ է ստացվել ստորագրողների ցուցակից երկիրը հեռացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում Հայաստանը հեռացվել է ցուցակից։

Հռչակագիրը որևէ կապ չունի Հռոմի ստատուտի հետ

Սեպտեմբերի 9-ին Oragir.news կայքը հոդված էր հրապարակել, որտեղ, անդրադառնաով թեմային, գրել էր․ «Չմիանալով սեպտեմբերի 5-ի հռչակագրին՝ Հռոմի ստատուտի տակ դրված ՀՀ ստորագրությունը, պատկերավոր ասած՝ ջրվեց»։

Հռոմի ստատուտը, սակայն, կապ չունի 2024-ի սեպտեմբերի 5-ին ընդունված հռչակագրի հետ։ Հայաստանը շարունակում է կրել Հռոմի ստատուտով սահմանված պարտավորությունները։

2024-ի փետրվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ մտավ Հռոմի ստատուտը, որը Ազգային ժողովը վավերացրել էր 2023-ի հոկտեմբերին։

Իսկ Եվրոպայի խորհրդի հռչակագիրը Ուկրաինայի տարածքում կատարված միջազգային հանցագործությունները քննելու համար է։ Հռչակագրում նաև նշվում է, որ նախարարները ողջունում են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

Ուկրաինան Հռոմի ստատուտը վավերացրել է այս տարվա օգոստոսին։

Այսպիսով, Հայաստանը հետ չի կանչել իր ստորագրությունը, այլ սխալ հաղորդակցության արդյունքում սկզբում եղել է ցուցակում, այնուհետև հեռացվել։

Մեկնաբանել