Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանի սխալ ակնարկը ԱՄՆ-ի՝ Վիետնամից գերիների վերադարձի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի սխալ ակնարկը ԱՄՆ-ի՝ Վիետնամից գերիների վերադարձի վերաբերյալ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ակնարկել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) Վիետնամի պատերազմից հետո ուշ է վերադարձրել իր գերիներին։

Այս մասին վարչապետը հայտնել է՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում հայ գերիների վերադարձի կետի բացակայության մասին հարցին։


«Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետությունը... Վիետնամի պատերազմը ե՞րբ է ավարտվել, և վերջին գերին Միացյալ Նահանգներ ե՞րբ է վերադարձել։ ԱՄՆ-ի նման պետությունը, որ աշխարհի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, համենայն դեպս, այդ շրջանում, պետությունն էր...»։

#CivilNetCheck-ը ստուգել է վարչապետի այս հայտարարությունը և պարզել, որ այն մոլորեցնող է և սխալ։

Վիետնամի պատերազմի ավարտը և գերիների վերադարձը

Վիետնամի պատերազմը պաշտոնապես ավարտվել է 1975-ի ապրիլի 30-ին, երբ Հյուսիսային Վիետնամի զորքերը գրավեցին Հարավային Վիետնամի մայրաքաղաք Սայգոնը (ներկայում՝ Հոշիմին)։ Սակայն ամերիկացի բոլոր ռազմագերիները ԱՄՆ վերադարձան դեռևս 1973-ին, երբ ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս էին եկել Վիետնամից` Փարիզի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

ԱՄՆ-ը 1973-ի փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում Operation Homecoming ծրագրի շրջանակում իրականացրեց ամերիկացի ռազմագերիների վերադարձը, որի արդյունքում ավելի քան 591 մարդ վերադարձավ հայրենիք։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Վիետնամի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ամերիկացի ռազմագերիներն ազատ են արձակվել 1973-ին։ Միակ բացառությունը եղել է Ռոբերտ Գարվուդի պատմությունը։ Նա վերադարձել է ԱՄՆ միայն 1979-ին, քանի որ գերության ընթացքում համագործակցել էր վիետնամցի կոմունիստների հետ։

1973-ին Վիետնամից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո մոտ 17 ամերիկացիներ հայտնվել էին գերության մեջ, սակայն նրանք բոլորը քաղաքացիական անձինք էին, այլ ոչ թե ռազմագերիներ, և վերադարձել են ԱՄՆ ամիսների ընթացքում։

Թեև ըստ որոշ վկայությունների՝ առանձին ռազմագերիներ կարող էին մնացած լինել գերության մեջ, սակայն 1993թ. հունվարի 13-ին ԱՄՆ Սենատի ռազմագերիների և անհետ կորածների հարցերով կոմիտեն վերջնական եզրակացություն արեց՝ չկան համոզիչ ապացույցներ առ այն, որ Վիետնամի պատերազմից հետո ամերիկացի զինվորականներ են մնացել գերության մեջ։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանի ակնարկը, թե ԱՄՆ-ը նույնպես ուշ է վերադարձրել իր բոլոր գերիներին Վիետնամի պատերազմից հետո, չի համապատասխանում իրականությանը։ Բոլոր հայտնի ռազմագերիները վերադարձել են 1973-ին, իսկ դրանից հետո գերեվարված բոլոր քաղաքացիական անձինք կարճ ժամանակահատվածում վերադարձել են հայրենիք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում