Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սեպտեմբերի 9-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ընթացքում Բագրատ արք. Գալստանյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալու է «Սրբազան պայքար» շարժման հավաքը։
«Սա ոչ հանրահավաք է, ոչ էլ՝ համագումար, այլ նպատակ ունի դահլիճային պայմաններում՝ ավելի համապարփակ և հասկանալի կերպով, հանրահավաքային տրամաբանությունից դուրս, և՛ խոսել, և՛ ճանապարհ ցույց տալ»,- ասել է Գալստանյանը։
Որքա՞ն արժե համալիրում դահլիճի վարձակալումը
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ մարզահամերգային համալիրից հայտնեցին, որ հաշվի առնելով միջոցառման չափորոշիչները, ձևաչափը և այլն, համալիրի դահլիճի վարձակալությունը միջինում կազմում է 8-12 միլիոն դրամ։
Ինչ վերաբերում է «Սրբազան պայքար» միջոցառմանը, ապա դրա անցկացման համար կազմակերպիչները մարզահամերգային համալիրին պետք է վճարեն 10 միլիոն դրամ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում «Սրբազան պայքար» միջոցառման անցկացման հետ կապված ծառայությունների մատուցման գինը կազմում է 10 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ»,- նշված է պատասխանում։
Շարժման ֆինանսավորման վերաբերյալ հայտարարությունները
Այս ընթացքում լրագրողները հաճախ են հարցրել, թե որտեղից է ֆինանսավորվում շարժումը՝ հստակ աղբյուրներ չեն նշվել։
Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը, պատասխանելով հարցին, ասել է․ «Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել, հայ ժողովուրդն էլ է վճարել, էլ ո՞վ կա, արտաքին բոլոր ուժերն են վճարել։ Այս խոսակցությունը փողոցի խոսակցություն է, այդ հարցումներն ինձ մի՛ ուղղեք, ուղղեք համապատասխան կառույցներին»:
Իսկ շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շաբաթներ առաջ՝ 2024-ի օգոստոսի 2-ին, ասել էր, որ շարժումն առայժմ ահռելի ծախսերի հետ կապ չունի, որ ֆինանսավորվեն. «Եթե կարողանում ենք ինչ-որ մի տարածք վերցնել՝ շնորհիվ մեր պատգամավորական մանդատի, անում ենք, օրինակ՝ Մշակույթի տուն վերցնել և այլն»:
Արդեն 2024-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանն ասել էր, որ Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար։
Բագրատ Գալստանյանի և «Սրբազան պայքար» անվանումով պաշտոնական ֆեյսբուքյան էջերում շարժմանն աջակցելու համար բանկային հաշվեհամարի վերաբերյալ հրապարակումներ կան սեպտեմբերի 12-ից։