Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալով Գորիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ, ասել է, որ անհրաժեշտ է «մեր մեջ ուժ գտնել» և ներողություն խնդրել այն բանի համար, որ [նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի] «Ազգային շարժումը» 2008-ին օս ժողովրդին հրի ու բոցի մատնեց»:
«Հենց ավարտվեն հոկտեմբերի 26-ի ընտրությունները, երբ դատապարտվեն պատերազմ հրահրողները, երբ վրաց-օսական եղբայրության և համակեցության ոչնչացման համար բացարձակապես բոլոր մեղավորները ամենախիստ իրավական պատասխանատվության ենթարկվեն, մենք անպայման մեր մեջ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ ստացված հանձնարարականի համաձայն՝ 2008-ին դավաճանական «Ազգային շարժումը» կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին։ Եվ քանի որ մեր՝ վրացիների և օսերի քրիստոնեական հավատքի ամենակարևոր հիմնաքարերից մեկը ներումն է, վստահ եմ, որ եղբայրասպան առճակատումը, որը Վրաստանի թշնամիները սանձազերծեցին մեր ժողովուրդների դեմ, կավարտվի պատմական փոխադարձ ներողամտությամբ և անկեղծ հաշտեցմամբ»,- ասել է նա։
Իվանիշվիլին ասել է, որ 2008-ի օգոստոսյան պատերազմը «ո՛չ վրացի, ո՛չ օս ժողովրդի կամքով չէր»։ Նա կրկնել է, որ իր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությանն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների համար։
Իվանիշվիլին նշել է նաև «Ռուսաստանի նկատմամբ ճիշտ դիրքորոշումը». «12 տարի առաջ, խոսելով ձեզ հետ, ես շեշտում էի, որ եվրաինտեգրումը մեր ռազմավարական ընտրությունն է, բայց մենք չէինք կարող ընտրել մեր հարևաններին, և, հետևաբար, եվրաինտեգրմանը զուգահեռ, մենք ստիպված էինք ընդունել սկզբունքային, բայց ճիշտ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ»։
Իվանիշվիլին ասել է, որ «Վրացական երազանքին» հաջողվել է վրացական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա, «միաժամանակ նոր շուկաներ նվաճել»։