Կեղծ կիբերոստիկանության անունից՝ նոր խաբեության ալիք 

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերի հայկական տիրույթում կրկին տարածվում են կեղծ գովազդային հրապարակումներ, որոնք խոստանում են վերադարձնել խարդախների հափշտակած գումարները:

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդները և պարզել, որ դրանք նոր տեսակի ֆինանսական խարդախության փորձեր են:

Մտացածին «կիբերոստիկանություն» և կեղծ խոստումներ

Կեղծ գովազդներում հայտարարվում է, թե իբր «Հայաստանի կիբերոստիկանությունը» պատրաստ է «14 աշխատանքային օրվա ընթացքում» վերադարձնել խաբեբաներից տուժած քաղաքացիների կորցրած գումարները:

Գովազդներում առկա հղումները տանում են «Միջազգային կիբերոստիկանություն» անվանումով Cyber-eu.space հասցեով կայք, որտեղ պահանջվում է լրացնել անձնական տվյալներ՝ իբրև թե գումարի վերադարձի գործընթացը սկսելու համար:

Խարդախները գովազդներում և կասկածելի կայքում օգտագործում են ՀՀ ոստիկանության, ինչպես նաև Եվրոպական միության և «Եվրոպոլ» գործակալության տարբերանշանները՝ վստահություն ներշնչելու նպատակով։

Իրականությունը՝ կեղծ խոստումների հետևում

Իրականում Հայաստանում «Կիբերոստիկանություն» անվանումով պաշտոնական կառույց գոյություն չունի։ Ավելին, աշխարհում չկա նաև «Միջազգային կիբերոստիկանություն» պաշտոնական կազմակերպություն:

Հետաքրքրական է, որ հայաստանյան օգտատերերին թիրախավորող նույն էջերը սոցցանցերում գովազդներ են տեղադրել նաև «Ադրբեջանի կիբերոստիկանության» անունից՝ թիրախավորելով ադրբեջանցի օգտատերերին: Վերջին ամիսներին էապես աճել են իրավապահ մարմինների անունից զեղծարարությունները:

Տե՛ս՝ Զեղծարարները Ինտերպոլի ու ոստիկանության անունից գումար են կորզում

Այս գովազդները նպատակ ունեն նախկինում գումարներ կորցրած քաղաքացիներից ստանալ նրանց անձնական և բանկային տվյալները՝ ներքաշելով նոր ֆինանսական խարդախության մեջ: Կասկածելի կայքերում հայտը լրացնելուց հետո խարդախները զանգահարում են զոհին և ներկայանալով որպես իրավաբաններ՝ խոստանում են «հետաքննություն իրականացնել» և վերադարձնել կորցրած գումարները:

Որոշ ժամանակ անց նրանք հայտնում են զոհին, թե կորցված միջոցները հայտնաբերվել են, և տարբեր պատրվակներով պահանջում են գումար փոխանցել: Հաճախ որպես պատրվակ են ծառայում գումարի վերադարձի միջնորդավճարը կամ այլ մտացածին վճար: Զոհը փոխանցում է խարդախներին պահանջվող գումարը և այդպիսով հերթական անգամ խաբվում:

#CivilnetCheck-ը արդեն անդրադարձել է ֆինանսական այս խարդախության սխեմաներին։

Տե՛ս՝
Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները

ՀՀ ոստիկանությունը բազմիցս նախազգուշացրել է նմանատիպ խաբեություններից զգուշանալու մասին՝ կոչ անելով քաղաքացիներին չվստահել նման կասկածելի առաջարկներին և չտրամադրել իրենց անձնական տվյալները։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող՝ կորցրած գումարները վերադարձնելու խոստումով գովազդները կեղծ են և կարող են հանգեցնել նոր ֆինանսական կորուստների: Քաղաքացիները պետք է զգոն լինեն և չվստահեն նման կասկածելի առաջարկներին:

Մեկնաբանել