Ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի COP29 համաժողովին․ ադրբեջանական Report.az-ին տված հարցազրույցում է ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն։ Նա նաև անդրադարձել է խաղաղության գործընթացին և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր կերպով իրականացվում է համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փոխանակում, յուրաքանչյուր կողմ տալիս է իր մեկնաբանությունները: Մինչ օրս կազմակերպվել է 10 նման փոխանակում: Վերջին անգամ հայկական կողմն իր մեկնաբանություններն է ուղարկել օգոստոսի վերջին՝ ադրբեջանական կողմի մեկնաբանություններն ուղարկելուց մոտ 70 օր անց: Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայ պաշտոնյաները խաղաղության պայմանագրի հարցում հիմնականում սահմանափակվում են հակասական հայտարարություններով: Նրանք աղավաղում են խաղաղության գործընթացի իրողությունները»,- ասել է ադրբեջանցի խոսնակը։
Անդրադառնալով հայկական կողմի առաջարկությանը՝ ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ հիմնվելով այս պահին համաձայնեցված դրույթների վրա, Հաջիզադան ասել է, որ «նման մոտեցումն անընդունելի է»։
«Կա այդպիսի կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ չեն համաձայնեցվել նրա բոլոր կետերը: Նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում, և մանրամասները չեն բացահայտվում լայն հանրությանը: Կարելի է միայն ասել, որ այս պահին համաձայնեցված է դրույթների մոտ 80%-ը: Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը»,- ասել է խոսնակն ու կրկնել Բաքվի պահանջը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Միրզոյան-Բայրամով հաջորդ հանդիպմանը՝ ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցչի, ներկայում հաջորդ հանդիպման վայրի և ամսաթվի վերաբերյալ կոնկրետ որոշում չկա:
Խոսնակը խոսել է նաև COP29 համաժողովին Հայաստանի մասնակցության մասին․ «Հրավերներ են ուղարկվել բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Սակայն ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի COP29-ին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես որևէ հստակ կարծիք չի հայտնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
***
Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել համաձայնեցված 16 հոդվածներով, հետագայում շարունակել աշխատանքը մյուս հոդվածների ուղղությամբ: