Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը, որի վճիռը կայացրել էր առաջին ատյանի նախկին դատավոր Աննա Դանիբեկյանը, Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանվեց։ Դատարանն այն ուղարկեց ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Դատախազությունը շեշտել է, որ Վճռաբեկ դատարանի արձանագրմամբ՝ «առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն իրավաչափ չէ, և որ Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելուց հետո, մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրողն իրավասու է եղել փոփոխելու նշված անձանց մեղսագրված արարքի իրավաբանական գնահատականը»:
Գործի շահերից ելնելով՝ այս փուլում գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի ներկայացրել։