Շոյգուն կրկին Թեհրանում է՝ փոխանցելու Պուտինի ուղերձը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 17-ին մեկնել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, այդ մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Շոյգուն, որը մեկ շաբաթ առաջ էր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Ահմադիանին, Թեհրան կատարած այցի ընթացքում բացի վերջինից հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Ըստ իրանական կողմի՝ Շոյգուն Թեհրան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ քննարկելու օրերս Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը։

Ռուսաստանցի պաշտոնյան վերահաստատել է Իրանի քաղաքականությունը միջանցքների և Ադրբեջանի հետ հաղորդակցության հարցերում։

Ըստ Mehr-ի՝ Շոյգուն Իրանի նախագահի հետ հանդիպմանը փոխանցել է Ռուսաստանի նախագահի ուղերձը։

Վերջին հանդիպումները տեղի են ունենում աշխարհաքաղաքական այն ֆոնին, երբ Իրանն իր անհամաձայնությունն է հայտնում Մոսկվային՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղու հետ։

Մեկնաբանել