ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին իրավապահ մարմնից: Այս քրեական վարույթն առավել հայտնի է «Դիզվառելիքի գործ» անվամբ: 2024-ի մայիսի 31-ին Սերժ Սարգսյանն արդարացվեց, իսկ մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը մերժվեց: Միաժամանակ դատարանը վճռեց նաև ամբաստանյալների գույքերի վրա դրված կալանքը վերացնել:
Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ի դեկտեմբերի սկզբին՝ գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամի գումարի հափշտակության կազմակերպման համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանը, 2008-2018-ին զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ին հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ շուրջ 490 մլն ՀՀ դրամի հափշտակություն:
Այս գործով անցնում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (մահացել է 2021-ին), ինչպես նաև «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի: Վերջինս նույնպես արդարացվել է։
Գևորգ Թոսունյան