Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության և ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին՝ մատնանշելով հնարավոր ռիսկերն ու դրանց կառավարման անհրաժեշտությունը:
«Հայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կամ Ռուսաստանի հետ: Հայաստանը խնդիր չունի նվազեցնել ապրանքաշրջանառությունը կամ խզել տնտեսական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհաին հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։
Նրա խոսքով, ընդհակառակը, Հայաստանը ձգտում է ավելացնել իր առևտուրը Եվրամիության և ԵԱՏՄ-ի ու այլ շուկաների հետ: Հայաստանի իշխանությունը, նշում է Փաշինյանը, աշխատում է Եվրամիության, ԱՄՆ-ի գործընկերների հետ տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ:
«Նախկինում մեր հարաբերությունները շատ ակտիվ են եղել Եվրամիության, ԱՄՆ-ի հետ, բայց դրանից հետո ավելի են ակտիվացել Միացյալ Նահանգների, ԵՄ-ի հետ այդ հարաբերությունները: Ուզում եմ ասել նաև, որ մենք խնդիր չենք ձևակերպել, որ մենք Եվրասիական տնտեսական միության կամ Ռուսաստանի հետ պետք է մեր առևտրային կապերը նվազեցնենք կամ խզենք», – ասել է Հայաստանի վարչապետը:
Անդրադառնալով իր՝ «Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան դրան պատրաստ է Եվրամիությունը» հայտարարությանը, Փաշինյանը նշել է, որ դա քաղաքական տեսլականի հռչակման մասին է․ «Այո, այդ հայտարարությունը հնչել է և ոչ մի գաղտնիք չկա: Դրանից հետո սկսվել են քննարկումներ, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես պետք է որդեգրի Եվրամիությանն անդամագրվելու քաղաքական ուղեգիծ, բայց այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ դա միակողմանի գործողություն չէ և նույնիսկ երկկողմանի գործողություն չէ»:
«Մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի այդ խնդիրների լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում: Ի վերջո պետք է նաև ֆիզիկապես պատկերացնել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը: Այստեղ շատ կարևոր են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները, թե ինչ տեղի կունենա այնտեղ: Շատ կարևոր են Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, ինչպես դրանք կզարգանան: Այս համատեքստում շատ կարևոր են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները», – նշում է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական զարգացման ուղի, որը ևս մերձեցնելու է ՀՀ-ին Եվրամիության և Միացյալ Նահանգների ու ընդհանրապես արևմտյան գործընկերների հետ:
«Ըստ էության, ես չեմ կարող բացառել, որ եթե մենք տեսնենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու քիչ թե շատ իրատեսական հնարավորություն՝ կառավարելի պահելով այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը հաստատ չենք թողնի», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: