Բաքուն «ակնկալում է»՝ Հայաստանի Սահմանադրությունը կփոխվի հանրաքվեով

հիքմեթ հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայաստանի մասին։

Նա մտահոգիչ է համարել Հայաստանի՝ սպառազինություններ ձեռք բերելու քաղաքականությունը և դրանում մեղադրել է արտատարածաշրջանային մի քանի դերակատարի։

«Նրանք իրականացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականություն, և խոսքը միայն Ֆրանսիայի մասին չէ, կան նաև այլ պետություններ»,- վստահեցրել է Հաջիևը։

«Տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամբողջական ապահովման համար անհրաժեշտ է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանն ուղղված վերահսկողական հստակ մեխանիզմ ստեղծել։ Հայաստանի ռազմակականացման գործընթացին մասնակից պետությունները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը»,- հայտարարել է Հաջիևը։

Հաջիևը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին․ «Մինսկի խմբի և համանման ինստիտուտների պահպանմանն ուղղված ջանքերը կարող են վկայել այն մասին, թե Հայաստանն ունի այլ նպատակներ»։

Ադրբեջանի նախագահի օգնականը անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի թեմային՝ կրկին բարձրացնելով Հայաստանի Սահմանադրության հարցը․ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները մեզ անհանգստացնող հարցերից է։ Սովորաբար խաղաղության պայմանագրերը նաև ժողովրդի հետ են կնքվում։ Մեր ակնկալիքն այն է, որ խաղաղության պայմանագրի ձեռք բերման համար Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի ճանապարհով իրականացվեն, և հայ ժողովորդը դրա վերաբերյալ իր կարծիքն արտահայտի»,- ասել է Հաջիևը։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին նախօրեին անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադան։

Մեկնաբանել