Հայաստանի և Արգենտինայի միջև մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն

Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բուենոս Այրես:

Ինչպես հաղորդում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 23-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Արգենտինյան Հանրապետության պետական եկամուտների դաշնային վարչության պետ Ռիկարդո Էչեգառայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադառնալով հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններին` կողմերը շեշտել են, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և այցի ընթացքում ստորագրվելիք մաքսային ոլորտում համագործակցության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի առևտրատնտեսական կապերը խթանելու համար։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև հնարավորինս սեղմ ժամկետներում լրամշակել և ստորագրման համար նախապատրաստել երկու երկրների միջև հարկային ոլորտում համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ավարտից հետո երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի և Արգենտինյան Հանրապետության պետական եկամուտների դաշնային վարչության միջև մաքսային գործերում համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը ենթադրում է Հայաստանի և Արգենտինայի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության որակապես նոր մակարդակ, մասնավորապես` տեղեկատվության անմիջական փոխանակում, հարցումների ներկայացման ընթացակարգերի կատարելագործում, մաքսանենգության, մշակութային արժեքների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ծավալում։ Այն կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանը, ապրանքաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը։ Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով հարցումների ներկայացման, օպերատիվ տեղեկատվության ստացման, մաքսային խախտումներում ներգրավված անձանց բացահայտելու նպատակով համատեղ միջոցառումների իրականացման և փորձի փոխանակման համար:

Պատվիրակությունն այցելել է նաև Բուենոս Այրեսի նավահանգիստ, որտեղ ծանոթացավ մաքսային ընթացակարգերի և առկա ենթակառուցվածքների աշխատանքի հետ։

Մեկնաբանել