Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմմին հայտարարել է, թե «Ադրբեջանը ազատագրել է 1990-ականներին կորցրած իր հողերը» և դա համեմատել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարի հետ: Այս մասին նա գրել է Substack.com հարթակում հրապարակած իր հոդվածում, որը վերնագրված է «Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ, Միավորված Ուկրաինայի համար» (The United Kingdom and the United States, United for Ukraine)։
«Կիևում մարդիկ հպարտանում են իրենց ուկրաինական ինքնությամբ։ Մնացյալ Եվրոպային մոտ մնալու ցանկությունը պարզ էր բոլորի համար: Եվ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների բացմամբ այդ հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում:
Նույն ազդեցությունը նկատելի է Ռուսաստանի հարևանների մոտ։ Կենտրոնական Ասիայի պետություններն ավելի ու ավելի են նայում դեպի արևելք և հարավ: Ադրբեջանը կարողացել է ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքները։ Վրաստանն ու Մոլդովան համագործակցում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ»,- գրել է Լեմմին։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, իննամսյա շրջափակումից հետո մեծածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի արդյունքում էթնիկ զտման ենթարկվեց Արցախի ամբողջ հայ բնակչությունը։
Civilnet











