Գլխավոր Լրահոս

Վարչապետի պնդումները Հայոց ցեղասպանության թեմայի պաշտոնականացման վերաբերյալ ճշգրիտ չեն

Վարչապետի պնդումները Հայոց ցեղասպանության թեմայի պաշտոնականացման վերաբերյալ ճշգրիտ չեն

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդային իշխանության կողմից թույլատրվել է այն ժամանակաշրջանում, երբ ԽՍՀՄ-ը և Միացյալ Նահանգները գտնվում էին միջուկային պատերազմի եզրին։

Փաշինյանն այս թեմային անդրադարձել է «կայսերական հայրենասիրության» մասին խոսելիս՝ պնդելով, թե բովանդակության հեղինակը հայերը չեն. «Դա կայսերական սիրո՝ կայսրության կողմից ձևակերպված սերն է՝ ներդրված մեր մեջ։ Ընդ որում, սա տեսական խոսակցություն չէ. սրա համար կան հարյուրավոր ապացույցներ»։

Վարչապետը, որպես իր խոսքերի ապացույց, հնչեցրել է մի շարք վիճահարույց պնդումներ՝ նշելով, որ Խորհրդային Միությունում Հայոց ցեղասպանության թեմայի պաշտոնականացումը «ճշգրիտ համընկել է» ԽՍՀՄ-ի և Արևմուտքի հարաբերությունների սրման, Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաբազայի տեղադրման և Կարիբյան ճգնաժամի հետ։

«Այն ժամանակներում, երբ Խորհրդային Հայաստանում թույլատրվել է խոսել և պաշտոնականացվել է Հայոց ցեղասպանության թեման, դա ճշգրիտ համընկել է Խորհրդային Միության և Արևմուտքի, Խորհրդային Միության և ՆԱՏՕ-ի հարաբերությունների սրման հետ։ Դա ճշգրիտ համընկել է Թուրքիայում Միացյալ Նահանգների ռազմաբազայի տեղադրման հետ, ճշգրիտ համընկել է Թուրքիայում նրանց կողմից միջուկային զինանոց տեղադրելու հետ, ճշգրիտ համընկել է Կարիբյան ճգնաժամի հետ և այլն»,- ասել է Փաշինյանը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է վարչապետի այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում պատմական փաստերին:

Փաշինյանի՝ «ճշգտիտ համընկնումների» մասին պնդումները ճշգրիտ չեն

Հայոց մեծ եղեռնի հիշատակման, այդ թեմայով խոսելու որոշակի ալիք խորհրդային շրջանում  բարձրացել է  հատկապես ցեղասպանության 50-րդ տարելիցին ընդառաջ։ Զոհերի ոգեկոչման և նրանց հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման ուղղությամբ գործուն քայլեր, սակայն, սկսվել են 1964 թվականի մարտին՝ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի նախաձեռնությամբ: Նա կազմակերպել է խորհրդակցություններ, և արդեն դեկտեմբերի 13-ին ԽՍՀՄ ղեկավարությանն ուղարկվել է նամակ՝ համապատասխան առաջարկություններով։

Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարությունը հարցը քննարկում է 1965-ի փետրվարի 5-ին, իսկ արդեն մարտի 16-ին Հայկական ԽՍՀ կառավարությունն ընդունում է հուշահամալիրի կառուցման պաշտոնական որոշումը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել են 1965-ին և ավարտվել 1967-ի նոյեմբերին: Այս ժամանակահատվածը, ի հակառակ Փաշինյանի պնդման, չի համընկնում ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմի սպառնալիքի գագաթնակետի՝ 1962-ին տեղի ունեցած Կարիբյան ճգնաժամի հետ։

Հուշահամալիրի շինարարության մեկնարկը։ Աղբյուր՝ ՀՑԹԻ հավաքածու

ԽՍՀՄ-ում 1950-ականների երկրորդ կեսից Մեծ եղեռնի թեմայի հանրայնացումը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման 1965-ի որոշումը, ըստ «Հայոց ցեղասպանության հուշահամալիր թանգարան-ինստիտուտի», պայմանավորված էր ներքին հասարակական-քաղաքական գործընթացներով և խրուշչովյան «ձնհալի» քաղաքականությամբ։

Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին՝ 1965-ի ապրիլի 24-ին, Երևանում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հաստատման և հուշարձանի կառուցման պահանջներ։

Ցույցի մասնակիցները Լենինի անվան (Հանրապետության) հրապարակում։ Աղբյուր՝ ՀՑԹԻ հավաքածու

Կարիբյան ճգնաժամը ծագեց 1962-ին, երբ ԽՍՀՄ-ը տեղակայել էր միջուկային հրթիռներ Կուբայում՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում տեղակայված միջուկային հրթիռների։ Սա հանգեցրել էր լարվածության սրման և միջուկային պատերազմի սպառնալիքի։

Կարիբյան ճգնաժամը հանգուցալուծվեց 1962-ի հոկտեմբերին, երբ ԽՍՀՄ-ը համաձայնեց հեռացնել Կուբայում տեղակայված միջուկային սպառազինությունը՝ ԱՄՆ-ի կողմից Կուբայի վրա չհարձակվելու և Թուրքիայից ամերիկյան միջուկային հրթիռները գաղտնիորեն հեռացնելու պայմանով։ Հանգուցալուծումից հետո ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը թուլացավ, և 1963-ին ստորագրվեց Միջուկային զենքի փորձարկումների արգելման համաձայնագիրը։

Այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդային իշխանության կողմից թույլատրվել է այն ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Միությունը և Միացյալ Նահանգները գտնվում էին միջուկային պատերազմի եզրին, սխալ է։

Մյուս «համընկնումները» ևս ճշգրիտ չեն

Ինչ վերաբերում է վարչապետի մյուս պնդմանը, թե Հայոց ցեղասպանության թեմայի պաշտոնական քննարկումը Խորհրդային Միությունում «ճշգրիտ համընկել է» ԱՄՆ-ի ռազմական և միջուկային ներկայությանը Թուրքիայում, ապա այն ևս սխալ է։

Միացյալ Նահանգները Թուրքիայում իր առաջին ռազմաբազան՝ Ինջիրլիքը, հիմնել է 1951-ին: Ամերիկյան միջուկային հրթիռներն այնտեղ տեղակայվել են 1959-ից և դուրս բերվել 1963-ին: Փաստացի Խորհրդային միության և ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի միջև լարվածության շրջանը սկիզբ է առել դեռ 1950-ականների ընթացքում և սրվել հատկապես մինչև 1963-ը։ Իսկ այդ շրջանում Հայոց ցեղասպանության թեման դեռևս եղել է արգելված և որևէ կերպ չի հիշատակվել։ 

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ ցեղասպանության թեմայի մասով արգելքները հանվել են 1964-ից։   

«Ընդհանրապես, ԽՍՀՄ-ում առաջին անգամ ցեղասպանության մասին խոսվել է 1965-ին Ցեղասպանության 50-րդ տարելիցի ժամանակ: «Իզվեստիա» թերթի մի չորրորդ կամ հինգերորդ էջում Կոմկուսի քարտուղարներից մեկը հոդվածով անդրադարձել էր առհասարակ ցեղասպանության թեմային և մի քանի խոսք էլ՝ Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Խառատյանը՝ հավելելով, որ դրանից միայն մեկ տարի առաջ՝ 1964-ին, թույլատրվեց, որ Էջմիածինը հիշատակի օրերի ցանկում ավելացնի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե Խորհրդային Միությունում Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումները և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը «ճշգրիտ համընկել են» ԽՍՀՄ-ի և Արևմուտքի հարաբերությունների սրման, Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաբազայի տեղադրման և Կարիբյան ճգնաժամի հետ, ճշգրիտ չեն և չեն համապատասխանում պատմական փաստերին:

Հարկ է նշել, որ օրեր առաջ Փաշինյանը մեկ այլ պատմական իրադարձություն էր խեղաթյուրել՝ պնդելով, թե ԱՄՆ-ը Վիետնամի պատերազմից իր գերիներին ուշ է վերադարձրել:

Տես՝ Նիկոլ Փաշինյանի սխալ ակնարկը ԱՄՆ-ի՝ Վիետնամից գերիների վերադարձի վերաբերյալ

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում