Անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսքան կախյալ չի եղել

«Մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Պարզապես փաստեր․

Անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսքան թույլ չի եղել։ Երկիրն այսօր չունի անվտանգության որևէ ճարտարապետություն։ Երկրի անվտանգությունը արտաքին գործոններից ավելի շատ է կախված, քան սեփական բանակից։

Անկախությունից ի վեր հայոց բանակը ամենաթույլ վիճակում է, և երկրի քաղաքական ղեկավարությունը ստիպված է անվերջ կատարել Ադրբեջանի պահանջները, որ նոր պատերազմ թույլ չտա։

Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից երբեք այսքան մեծ չի եղել։ Մեր տնտեսական աճը, որ կառավարությունն այդքան սիրում է գովերգել, մեծապես պարտական է ռուսական գործոնին։ Նայե՛ք թվերին։ Վեց տարվա ընթացքում տնտեսության կամ արտահանման էական դիվերսիֆիկացիա չի եղել։ Եվ այս ամենը, իհարկե, հակառուսականության մեծ աղմուկի ներքո։

Անկախությունից ի վեր միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է կորցրել Արցախը, կորցրել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որ Արցախի կորուստը «անկախութան իրական օր» է անվանել ու Արցախի քառասունքին (պայմանական՝ 2024-ի Ամանոր) հրավառություն կազմակերպել։

Անկախությունից ի վեր միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա վեզիրներն են, որ Հայոց ցեղասպանության մեղքը փորձել են վերագրել զոհին՝ սեփական ազգին։

Անկախությունը մսխել են նաև Նիկոլ Փաշինյանից առաջ եղած հրեշները՝ երկրում օլիգարխիկ համակարգ ստեղծելով ու բազում այլ մեղքեր գործելով։

Այնուամենայնիվ, հենց Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական անձեռնհասությունն ու ամբարտավանությունն է, որ մեզ հասցրել է այսքան նվաստ ու այսքան թույլ վիճակի։ Ցավոք, անգամ 2020-ի պատերազմը դաս չեղավ մեր այսքան բարդ աշխարհագրությունից ու հարևանությունից դասեր քաղելու համար։

«Աղդամը մեր հայրենիքն է», «Արցախը Հայաստան է և վերջ» ճամարտակողները դարձել են 29,743-ի աշուղներ՝ մսխելով անգամ այդ 29,743-ը։

Մեր մեջ ասած՝ անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսքան կախված չի եղել։

Մեկնաբանել