Քոչարյանը ներկա չէր իր գործով Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկած առաջին նիստին

Գևորգ Թոսունյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վերաքննության առաջին նիստը Հակակոռուպցիոն դատարանը սկսեց մեղադրյալ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննարկմամբ։

Սեպտեմբերի 23-ին հանրային մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց միջնորդությունը՝ գործի վերաքննության մասով, սակայն նիստին ներկա չէր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրողներն առաջարկեցին դատը հետաձգել՝ նշելով, թե չկա որևէ «պատշաճ ծանուցում նրա բացակայության վերաբերյալ»։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, ընդհակառակը, պնդեց, որ պետք է քննարկել իր պաշտպանյալի տեղաշարժը սահմանափակող հանգամանքները։

Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենք ունեն բացարկի միջնորդություն, որը չի առնչվում Քոչարյանի իրավունքներին։ Ուստի նա խնդրեց միջնորդությունը քննարկել առանց ՀՀ երկրորդ նախագահի մասնակցության։ Պաշտպանի խոսքով՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը խախտվում է, քանի որ «ոստիկանությունն ապօրինի սահմանափակում է նրա տեղաշարժման իրավունքը»՝ մասնավորապես երկրից մեկնելու հետ կապված։ Սահակյանը խնդրեց հարցը քննարկել դռնփակ նիստում։ Թեև հանրային մեղադրողները առարկեցին, դատարանը որոշեց, որ այս հարցը պետք է քննարկել՝ դռնփակ նիստում։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը, որով վճիռը կայացրել էր առաջին ատյանի նախկին դատավոր Աննա Դանիբեկյանը, Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանվեց։ Վճռաբեկ դատարանը նաև որոշեց գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Գործի նախապատմությունը

2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով. առաջինը՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգի տապալում, որը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն էր և հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, երկրորդը՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու հոդվածը, որը դեռևս քննվում է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում խաղաղ ցույցեր էին, բանակի հրամանատարական կազմի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր։ Այնուհետև ստորագրվել է ՊՆ-ի «0038» հույժ գաղտնի հրամանը, զինծառայողներ են Երևան բերվել, և նրանք ցույցերը ցրելու վարժանքներ են իրականացրել։ Բացի Քոչարյանից, գործով անցնում են նաև այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնող Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։

Այս գործը դատարան է մտել 2019-ի ապրիլին։ Քննության ընթացքում դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս հիմքով պաշտպանները միջնորդել են կարճել գործը, իսկ Աննա Դանիբեկյանը բավարարել է այդ միջնորդությունը։

Այնուհետև մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հետագայում գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Գործով պայմանավորված՝ այս ատյանը դիմել է ՍԴ՝ պարզելու այս անգամ էլ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկի սահմանադրականության հարցը։

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024-ի հուլիսի 22-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։

Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը

Հենց Սահմանադրական դատարանի վերջին որոշման վրա է հիմնված Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը։ Վճռաբեկ դատարանը հիշեցրել է, որ երբ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին ՍԴ-ի առաջին որոշման հիման վրա դադարեցնել քրեական հետապնդումը, մեղադրողը միջնորդել էր գործի վարույթը կասեցնել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ կիրառման ենթակա իրավանորմերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար, քանի որ առաջացել էր ամբաստանյալներին մեղսագրված համապատասխան արարքներին նոր իրավական գնահատական տալու անհրաժեշտություն։ Դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այս միջնորդությունը մերժել էր։

Վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրական դատարանի այս գործով երկրորդ՝ 2024-ի հուլիսի 22-ի որոշման լույսի ներքո գտել է, որ առաջին ատյանի դատարանի գործողությունները իրավաչափ չեն եղել։

Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածները, ինչի հիմքով էլ գործը բեկանվել է ու ուղարկվել նոր քննության։

Մեկնաբանել