Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Քարֆուր» սուպերմարկետի անունից. իբրև ընկերությունը հեռուստացույցներ է նվիրում, որոնք չի կարողանում վաճառել քերծվածքների պատճառով։

Գրառումը տարածվում է «Carrefour Fans» ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է սեպտեմբերի 20-ին։ Հայաստանում «Քարֆուրի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը «Carrefour Armenia» է, որն ունի 114 հազար հետևորդ, էջում նման հայտարարություն չկա։

Ըստ գրառման՝ պետք է պարզապես մեկնաբանություններում գրել «պատրաստ» բառը, այնուհետև նշել (tag) ընկերներին և կիսել (share) գրառումը 10 ֆեյսբուքյան խմբերում։
Այդպես գրառման հեղինակները բարձրացնում են գրառումների դիտելիությունը, բայց անկախ այն հանգամանքից՝ մասնակիցները կտարածեն գրառումը ֆեյսբուքյան խմբերում, թե ոչ, միևնույն է, կապվում են գրառումը մեկնաբանողների հետ։
#CivilNetCheck-ի հետ զրույցում «Քարֆուր» սուպերմարկետների ցանցից նշեցին, որ որևէ կապ չունեն այդ գրառումների հեղինակների հետ և հերքեցին հեռուստացույց նվիրելու մասին տեղեկությունները։
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ ֆեյսբուքյան տարատեսակ էջերով տարածվում են նույնաբովանդակ գրառումներ «Քարֆուրի» անունից՝ սառանարաններ, կարի մեքենաներ, խոհանոցային պարագաներ նվիրելու կամ խաղարկելու վերաբերյալ։

Նախկինում նմանատիպ գրառումներ են տարածվել նաև «Կոկա Կոլայի» անունից՝ «Coca Cola Fans» և «Սամսունգի» անունից՝ «Samsung Fans» կեղծ էջերով. իբրև թե այս ընկերությունները մեքենա կամ հեռախոսներ են նվիրում, դրանց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Այսպիսով, «Քարֆուրի» անունից տարածվող գրառումները կեղծ են։ Նման դեպքերում «նվերը» որպես խայծ է օգտագործվում անձնական կամ բանկային տվյալներ ստանալու համար։