Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում։ Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում։
«Այս տարվա աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով, ինչ նախորդ տարի: Հաջորդ՝ 2025-26 ուստարում, նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել բարձր առաջադիմությունը՝ ավելի լավ մասնագետ դառնալու և իրենց նախընտրած ոլորտում մրցունակ լինելու առումով»,- նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ կատարվող փոփոխությամբ ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը հանվում է՝ այն փոխարինելով փաստացի ուսումնառության համար սահմանված չափերով:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ծրագրով տրվող աջակցությունը վերաբերելու է նաև այս տարի բուհեր ընդունված ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին՝ շուրջ 180 սովորողի:
Նախորդ տարի 1-ին կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել բուհերի 1 834 ուսանող, իսկ երկրորդ կիսամյակում՝ 2 134 սովորող: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով առաջին կիսամյակում փոխհատուցում է ստացել 919 ուսանող, իսկ 2-րդ կիսամյակում՝ 1 133 սովորող: