61 զոհ՝ Սիրիայում հրադադարի առաջին օրը

Դամասկոսի հարավային Դեֆ-աշ-Շոուք թաղամասում պայթյուն է որոտացել մանկապարտեզի մոտ. արդյունքում զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ. հաղորդում է BBC-ն: Տուժածները մեծամասամբ երեխաներ են, որ դուրս էին եկել մարմնամարզության: Ահաբեկչությունը մայրաքաղաքում, ըստ կառավարական լրատվամիջոցների, «ուղղակի խախտում էր համամուսուլմանական Զոհաբերության տոնի առթիվ նույն օրն ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի»:

Զինյալները պայթեցրել են նաև մեկ ավտոմեքենա երկրի վարչական կենտրոն Դերաա քաղաքում, որ Դամասկոսից 110կմ է հեռու: Ականատեսների վկայությամբ՝ զոհվել է երեք մարդ, հոսպիտալացվել՝ 11-ը: Զինյալների թիրախը սիրիական բանակի ստորաբաժանումն էր, որի մոտ էլ հեռարձակման ընկերության գրասենյակն էր. այստեղ հրդեհ է բռնկվել:

Տոնական օրերին հրադադարի ռեժիմին նախապես էլ իրենց համաձայնությունը չտված զինյալները հարձակում են գործել նաև մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Էրբինից դուրս եկող զինվորական պահնորդների վրա: Բախումներ են տեղի ունեցել 8կմ հեռավորության վրա գտնվող Հարաստայում, որտեղ, ըստ կառավարական տվյալների, զինյալները հարձակվել են խաղաղ բնակիչների տների վրա:

Նշվում է, որ առավել մեծամասշտաբ գործողություն է իրականացրել «Հաղթանակի ճակատ» վարձկան-ջիհադիստներից կազմված ծայրահեղական խմբավորումը Վադի Դեյֆի զինվորական բազայում: Այն տեղակայված է ռազմավարական նշանակության Դամասկոս-Հալեպ մայրուղուց 2կմ հեռավորության վրա: Այստեղ սիրիական բանակը պատասխանել է կրակահերթերին՝ ըստ հաղորդագրության «շարունակելով պահպանել հրադադարի ռեժիմը և արձագանքելով դրա խախտումներին՝ կրակի աղբյուրները լռեցնելու և ահաբեկիչներին հետապնդելու ռազմավարությամբ»:

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ անվտանգության ուժերը ցրել են հակակառավարական ցուցարարներին Սիրիայի մի շարք քաղաքներում՝ կիրառելով արցունքաբեր գազ:

«Ֆրանս-Պրեսս»-ի տվյալներով՝ հրադադարի առաջին օրը բռնության զոհ է դարձել 21 խաղաղ բնակիչ: Զոհվել է 27 զինծառայող և 13 ընդդիմադիր զինյալ: Այնուամենայնիվ, անկախ փորձագետները կարծում են, որ հրադադարը զգալիորեն նվազեցրել է զինյալ հակամարտության լարումը:

Մեկնաբանել