Երևանի ներառականության պատրանքը

Մեր քաղաքում կանաչ տարածքների փոխարինումը քարաշեն կառույցներով նորություն չէ, և այն հաճախ ընթանում է ի հեճուկս հանրային ընդդիմության ու առանձին խմբերի շահերի բացահայտ ոտնահարմամբ: Մենք էլ, մեր ուշադրությունը կենտրոնացնելով ժողովրդավարական քաղաքական համակարգի վերահսկման վրա, աչքաթող ենք արել ազատ շուկայում ի հայտ եկած գերազդեցիկ տնտեսավարող սուբյեկտներին, որոնց շահերը դրամական այնպիսի հենասյուներ ունեն, որ հավակնում են նենգափոխել հանրային շահն ու Հյուսիսային պողոտայի օրինակով օտարել մասնավոր սեփականությունը «հանրային շահին» ծառայեցնելու նպատակով: Մաշտոցի պուրակի դեպքում էլ այդ տնտեսավարողների շահերը կարողանում են օտարել հանրային տարածքը՝ այս անգամ ևս դրամական ծանրակշիռ փաստարկներով մեծացնելով մասնավոր սեփականության կարևորությունը: Փաստացի, Հայաստանում և մասնավորապես Երևան քաղաքում մասնավոր անձանց կողմից ստեղծված շահույթ հետապնդող իրավաբանական անձինք տնօրինում են սահմանադրականությունը պաշտպանելու համար ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների քաղաքական գործունեության տրամաբանությունն ու գոյացրած ազդեցությունը:

Մենք վաղուց ապրում ենք քսակների աշխարհում, որտեղ քաղաքական գործիչները կորպորատիվ վերնախավի բեմադրած տրագիկոմեդիայի խամաճիկներն են: Հիասթափվելու փոխարեն, հավանաբար, ժամանակն է օտարված իշխանությունը քաղաքացիական ակտիվ դիրքորոշման արտահայտմամբ ու ընդդիմությամբ վերադարձնել իրական տիրոջը՝ քաղաքացուն: Անկարելի է պատկերացնել, որ աշխարհի բարիքների մեծ մասը տնօրինվում է փոքրամասնության կողմից և ծառայեցվում մասնավոր շահին: Ավելին՝ այն որպես կանոն հակաէկոլոգիական բնույթ ունի և տարիներ շարունակ արևմտյան երկրներին պարտադրել է սպառողական կենսակերպ՝ մարդկանց վարժեցնելով «անիմաստ ցանկություններով» առաջնորդվելու մոլուցքին: «Գրավիր» շարժման վարակիչ բնույթն էլ պայմանավորված էր այս համասփյուռ անարդարության առկայությամբ ու աշխարհը թարմացնելու ձգտմամբ: Լավ է, որ մենք էլ Երևանում համաքայլ ենք շարժվում և փորձում նորացնել մեր հավաքական պայմանավորվածությունների դաշտը:

Դալմայի այգուն փոխարինելու եկած Dalma Garden Mall-ն այն կորուստն է, որը, սակայն, քաղաքաշինության ու ճարտարապետության տեսանկյունից նոր մարտահրավեր է առաջադրում, որը հավանաբար պետք է մտածելու առիթ տա մեր քաղաքի մեծամեծներին: Ժամանակն է մարդու կյանքին համարժեք համեստությամբ մոտենալ քաղաքաշինությանն ու շատ հավակնոտ չլինել: Այլևս մեկ հոգին կամ մարդկանց մի փոքր խումբ չի կարող լուսավորչական հավակնոտ ինքնագնահատական ունենալ ու քաղաքական մասնակցությունից դուրս թողնել տվյալ հանրությանը, այս դեպքում՝ երևանցիներիս: Մենք պետք է պահանջենք իմաստավորված մասնակցության հնարավորություն, ու այն պիտի դառնա այսօրվա կառավարիչների գործունեության օբյեկտիվ գնահատման առանցքը:

Ներկայում Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման օրենքը հանրության ուղղակի մասնակցության որևէ իրական ձևաչափ չի ապահովում: Այն ավելի շուտ ներառականության պատրանք է ստեղծում, և զարմանալի չէ, որ մենք դժգոհ ենք մեր միջավայրից՝ թե՛ անձնական-հոգեբանական, թե՛ վարքագծային-գործառնական, թե՛ հավաքական-ծիսական և թե՛ էկոլոգիական իմաստներով: Մերօրյա ճարտարապետները այս հարցերին միայնակ պատասխանել չեն կարող, բայց դեռևս դիմադրում են՝ հավանաբար փորձելով գրավել Թամանյանի տեղը՝ մոռանալով այդ համատեքստի անդարձելիությունն ու իրենց ցանկությունների ամլությունը:

Հանրությունը միայն ավագանու ցանկությամբ կարող է մասնակցել հանրային լսումներին, ինչը զարգացած երկրներում հանրային կառավարման մասնագետների, քաղաքաշինական պրակտիկա ունեցող կառավարիչների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների կողմից իրավացիորեն համարվում է կեղծ գործընթաց, որտեղ արդեն իսկ որոշված հարցերի շուրջ հնարավորություն է տրվում մարդկանց արտահայտել իրենց կարծիքն ու ինչ-որ առումով ապահովել կուտակված գոլորշու արտամղումը:

Այն ժողովրդավարական իմաստով իրական մասնակցություն ու դիսկուրս չի ապահովում: Այս ամենի հետևանքով էլ արդարությունը, սոցիալական համերաշխությունը, աղքատության հաղթահարումը և կայուն զարգացումը Երևանում դեռևս մնում են գիտաֆանտաստիկայի դաշտում: Արդեն իսկ կան այն բոլոր տեխնոլոգիական ու սոցիոլոգիական գործիքները, որոնցով կարելի է իմաստավորված մասնակցային ձևաչափ ապահովել: Մինչդեռ Երևանի ավագանու շարքերում դեռ առկա է մի մտայնություն, որ այս հանրույթը պատրաստ չէ մասնակցել քաղաքի կառավարմանը: Հավանաբար, ավագանին փորձում է սեփական տկարությունը կոծկել՝ դիմելով հանրությանը պախարակելու անպտուղ հնարքին: Այդպիսի ավագանին կեղծամ է, որից պետք է հնարավորինս արագ ազատվել:

Մեկնաբանել