«Հեզբոլլա» լիբանանյան կուսակցությունն ու ռազմական միավորումը հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը սեպտեմբերի 27-ի երեկոյան Բեյրութի վրա իսրայելական օդային հարվածների հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածների արդյունքում սպանվել են «Հեզբոլլայի» մի շարք հրամանատարներ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Նասրալլայի սպանությունը Իսրայելի պատմության մեջ «ամենակարևոր հակահարվածներից մեկն էր»։
Լիբանանյան «Հեզբոլլան» իր հերթին խոստացելէ շարունակել պայքարն Իսրայելի դեմ՝ «ի աջակցություն Գազայի և ի պաշտպանություն Լիբանանի»։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախօրեի հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 108-ը։ Օրեր առաջ իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 700 մարդ։
Reuters գործակալությունը հայտնում է, որ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր երկրի ներսում։ Ըստ աղբյուրների՝ Իրանը մշտական կապի մեջ է «Հեզբոլլայի» և տարածաշրջանային մյուս խմբերի հետ Հասան Նասրալլայի սպանությունից հետո։