Կարմիր բլուրը՝ բրիտանական «Անտիկ Թուրքիա»-ում

Բրիտանական թանգարանը «Հնագույն Թուրքիա» ցուցասրահի անունը փոխել է. այն այժմ կոչվում է «Անատոլիա և Ուրարտու. մ.թ.ա. 7000-300 թթ.»:

Եթե Լոնդոնի համալսարանական քոլեջից (որտեղ հիմա սովորում եմ) տասը րոպե քայլես դեպի արևմուտք, կհայտնվես հայտնի Բրիտանական թանգարանի դիմաց: Չորեքշաբթի օրերին դասերիս արանքում երկու ժամ ազատ ժամանակ ունեմ: Այս չորեքշաբթի որոշեցի ինձ զրկել համալսարանի գրադարանում կամ սրճարանում նստելու հաճույքից ու քայլեցի դեպի թանգարան (մանավանդ, որ մուտքն ազատ է, ու դեռ չէի այցելել):

Մեզ` հայերիս, Բրիտանական թանգարանի մասին ամենահայտնի փաստը Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ կիսանդրու այնտեղ գտնվելն է, որը պահվում է թանգարանի «Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհը» սրահում (սրահ 22): Անկեղծ ասած՝ արձանիկից շատ չտպավորվեցի, ազգային ինքնագնահատականս էլ այն տեսնելուց հետո բնավ չփոխվեց:

Անիմաստ կլիներ այցելել Բրիտանական թանգարան միայն Անահիտի համար, բայց նաև շատ ժամանակ չունեի բոլոր սրահները դիտելու: Որոշեցի վերցնել թանգարանի քարտեզը և մտնել ինձ հետաքրքրող մի քանի սրահներ: Մեկ-երկու րոպե քարտեզը ուսումնասիրելուց հետո գտա ամենատպավորիչը` «Անտիկ Թուրքիայի սրահ» (սրահ 54): Անգլախոսները զարմանքն ու զայրույթը արտահայտելու տվյալ պահին շատ հարմար սլենգային երեք-բառանի խոսք ունեն (wtf): Մտքիս առաջինը դա եկավ:

Մինչև կբարձրանայի թանգարանի վերնահարկում գտնվող այդ սրահ, փորձեցի հասկանալ, թե մի քանի վայրկյանից ինչ կարող եմ տեսնել: Մտածեցի հավանաբար ժամանակակից Թուրքիայի տարածքում պեղված Հռոմեկան շրջանի գտածոներ պիտի ցուցադրված լինեն: Սա, իհարկե, ինքնախաբկանք էր: Ներքուստ հասկանում էի, թե տեսածս ինչ է լինելու:

Այո, ցուցադրված առարկաների գրեթե 90 տոկոսը «զարմանալիորեն» բերված է Արևելյան Թուրքիայից (այսպես գրված էր) կամ Հայկական լեռնաշխարհից: Դրանք բոլորը Ուրարտուի թագավորության շրջանի առարկաներ են՝ մետաղյա ու կավե սափորներ, զենքեր, մետաղադրամներ, գոտիներ, սաղավարտներ, զարդեր, «սատանի եղունգ» քարից պատրաստված գործիքներ: Ներկայացված է նաև մի ցուցապաստառ` Ուրարտուի թագավորության մասին:

Ցուցասրահի թերևս ամենատպավորիչ ու ուշադրություն գրավող նմուշները երեք կարմիր սափորներն են: Բայց ավելի հետաքրքիր է դրանց պեղման վայրը` Կարմիր բլուր, Հայաստան… այո՛, Անտիկ Թուրքիայի սրահում:

Չէ, բայց սրանից ավելի հետաքրքիր փաստ էլ կա, այս երեք կարմիր սափորները Բրիտանական թանգարանում ներկայացված են Հայկական ԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից….

Ափսոս, Անահիտի արաձանը դիտելուց ազգային ինքնագնահատականս չէր բարձրացել, գոնե նման անկումից հետո հակակշիռ կլիներ:

Տեսածիցս հետո մի քանի մակարդակի հարցերի շարան մոտս առաջացավ:

Նախ` արդյոք Բրիտանական թանգարանի մասնագետները իրո՞ք հավատում են, որ գոյություն ունի «Անտիկ Թուրքիա» (Ancient Turkey) հասկացությունը, արդյոք աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում պատմության նկատմամբ կա՞ նման անլուրջ վերաբերմունք: Լավ, չեմ ասում` թող լիներ Հին Հայաստան կամ էլ նույնիսկ Ուրարտու (չնայած գրեթե բոլոր նմուշների հին տեղանունները ներկայացված են կա՛մ որպես Ուրարտու, կա՛մ հյուսիսարևելյան Իրան), թող գոնե լիներ Արևելյան Անատոլիա (որը մեծ հաշվով էլի ընդունելի չէ): Արդյոք այստեղ դեր ունեցե՞լ են թուրքերը, կա՞ այստեղ քաղաքականություն:

Երկրորդ` արդյոք Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, ժամանակին ցուցանմուշները ուղարկելով Բրիտանական թանգարան, չի՞ հետևել դրանց ճակատագրին, արդյոք այսօր ակադեմիայում տեղյա՞կ են, թե այդ սափորները ինչ վերտառությամբ են ներկայացված: Լավ, կամ արդյոք այսքան ժամանակ Բրիտանական թանգարան այցելած 2-3 հայ կամ էլ թեկուզ օտրերկրացի խելամիտ պատմաբան չի՞ եղել, որ գիտական հարթության վրա փորձեր բանավեճ ծավալել Բրիտանական թանգարանի մասնագետների հետ, ապացուցեր, որ «Անտիկ Թուրքիա» բառակապակցությունը նույնիսկ թուրքական դասագրքերում դժվար է գտնել:

Եվ ի վերջո` ի՞նչ կարող եմ անել ես, հասարակ մի հայ, որն այցելել է Բրիտանական թանգարան ու որն իր պատմությունը լավ գիտի: Ես գնացի թանգարանի տեղեկատվական կենտրոն` պարզելու, թե ով է պատասխանատու այս անճշտության համար: Ինձ խորհուրդ տվեցին նամակ գրել Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժին: Նամակն արդեն գրել եմ, սպասում եմ պատասխանին:

Կարծում եմ, որ այս ամենից տուժում է երկու բան: Առաջինը` իմ ու ինձ նման մի քանի հայերի ազգային ինքնասիրությունը, որոնք տեսնում են Հայկական լեռնաշխարհից պեղված նյութերը «Անտիկ Թուրքիա» անունը կրող սրահում: Եվ երկրորդ` տուժում է ճշգրիտ ինֆորմացիան, որն իրականում տուժում է ինքնանպատակ, քանի որ անգլիացու, չեխի, ղրղըզի կամ էլ պերուացու համար բացարձակ միևնույն է, թե այդ նյութերը ինչ անվանմամբ են սրահում ներկայացված:

Հ.Գ. Հնարավոր է, որ այս ինֆորմացիան շատերին հայտնի էր, ու ես մեծ բան չեմ բացահայտել: Պարզապես փորձեցի ներկայացնել իմ ապրումները թանգարանը լքելուց հետո:

Սարգիս Խանդանյան, Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող

Գլխավոր լուսանկարում՝ Բրիտանական թանգարանի ընթերցասրահը (http://famouswonders.com), մյուս լուսանկարները՝ ցուցասրահից:

Մեկնաբանել