Մայր տաճարը վերաօծվեց, իշխանության ներկայացուցիչները ներկա էին

Շուրջ 12 տարի տևած հիմնանորոգման աշխատանքներից հետո սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Մայր տաճարի վերաօծման արարողությունը։

Չնայած եկեղեցու և իշխանության միջև լարվածությանը, տաճարի վերաօծմանը ներկա էին նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, քրիստոնեական եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև բարերարներ, մշակույթի, գիտության և հասարակական գործիչներ:

Վերաօծման առիթով հղած պատգամում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ասել է․ «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին»։

Էջմիածնի 301-303 թվակններին կառուցված Մայր տաճարն իր բազմադարյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ վերանորոգվել է։ Այս անգամ վերանորոգման ընթացքում այն ամբողջությամբ ամրակայվել է, վերանորոգվել են տանիքը, մեծ գմբեթը, զանգակատները։ Հարավային զանգակատունն ամբողջությամբ ապամոնտաժվել ու հիմնովին կառուցվել է։ Մայր տաճարում առաջին անգամ օդափոխության համակարգ է դրվել, հատակը ծածկվել է մարմարե նոր սալիկներով։ Տեղադրվել են լուսասարքեր։ Ի դեպ, վերնորոգման շրջանակում 2017 թվականից Մայր տաճարի դռները փակ են եղել։

Մեկնաբանել