Իրանը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի Iron Dome հակահրթիռային համակարգը որսում է հրթիռները, տեսարան Աշքելոնից [Ամիր Քոհեն/Reuters]

Իրանը հայտարարել է, որ տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի կարևոր ռազմական և անվտանգության օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի և Լիբանանի բնակիչների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլլահի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդների և հրամանատարների զանգվածային սպանությունների:

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իսրայելը կառերեսվի «ջախջախիչ» հարձակումների, եթե պատասխան տա:

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ իր զորքերը մտել են հարավային Լիբանան՝ «սահմանափակ» գործողության համար, սակայն Հեզբոլլահը հերքել է, որ իսրայելական ուժերն անցել են այդ տարածք:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ասել է, որ Լիբանանը կանգնած է «իր պատմության ամենավտանգավոր փուլերից մեկի առջև»:

Միևնույն ժամանակ, Իսրայելի հարձակումները շարունակվում են Գազայի հատվածում, որի հետևանքով երկու օրում զոհվել է առնվազն 29 պաղեստինցի։

Գազայում հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 42,000 մարդ, վիրավորվել՝ մոտ 97,000-ը։

Իսրայելում 2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1139 մարդ, ավելի քան 200 մարդ՝ գերեվարվել։

Մեկնաբանել