Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը «մեծ սխալ է թույլ տվել և կվճարի դրա համար»։
«Իրանն այս գիշեր մեծ սխալ թույլ տվեց, և նա կվճարի դրա համար: Իրանի ռեժիմը չի հասկանում մեր վճռականությունը՝ պաշտպանվելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու համար: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրա վրա»,- Նեթանյահուի խոսքն է մեջբերում BBC-ն։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույնպես ասել է, որ Թեհրանի գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Նրա խոսքով՝ իսրայելական և ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են աշխատել Իրանից արձակված հրթիռների դեմ։
«Իրանը […] Մերձավոր Արևելքը տանում է էսկալացիայի։ Այսօրվա իրադարձությունները կունենան հետևանքներ։ […] Մենք ծրագրեր ունենք, և մենք կգործենք մեր որոշած վայրում և ժամանակում»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
Իրանական հարձակումից ժամեր անց իսրայելական զինվորականները նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» օբյեկտներին։
Մինչ այս Իսրայելի պաշտպանության բանակը տեղի բնակիչներին նախազգուշացրել էր տարհանվել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Իրանի հարվածներն անվանել է «զգալի էսկալացիա» և ասել, որ Թեհրանն ընդհանուր առմամբ մոտ 200 բալիստիկ հրթիռ է արձակել (այդ թիվը հետագայում հայտարարեց Իրանի պետական հեռուստատեսությունը):
Սալիվանը հրաժարվել է մեկնաբանել Իսրայելի կամ ԱՄՆ-ի պատասխան գործողությունների հավանականությունը, սակայն հաստատել է, որ ամերիկյան կործանիչներն օգնել են Իսրայելին խոցելու իրանական հրթիռները:
Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը ասել է, որ հարձակումը հետ մղելուն մասնակցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչ, որոնք տեղակայված են Միջերկրական ծովում։
Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ երեքշաբթի օրվա հարվածները «կրկնակի մեծ են», քան այս տարվա ապրիլին իրանական առաջին հարձակումն Իսրայելի վրա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է Իսրայելին։
Բայդենի խոսքով՝ իր անմիջական ցուցումով ԱՄՆ զինվորականները հարվածի ժամանակ «ակտիվ աջակցել են Իսրայելի պաշտպանությանը»։
Նա նաև հավելել է, որ Իրանի հարձակումը հետ է մղվել և անարդյունավետ է եղել։
Փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսն ասել է, որ Բայդենի հետ իրական ժամանակում դիտել է հարձակումը Սպիտակ տնից:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի երեկոյան X սոցիալական ցանցում գրել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում դիվանագիտական կարգավորմանը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել Իսրայելը իրանական ագրեսիայից:
Ինչ են ասում Իրանի իշխանությունները
Իրանի իշխանությունները պնդում են, որ իրենք Իսրայելում հարձակվել են միայն ռազմական օբյեկտների վրա և լայնամասշտաբ պատերազմ չեն ցանկանում, բայց պատրաստ են ինքնապաշտպանության։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ Իսրայելին հասցված հարվածները պատասխան են Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը, ինչպես նաև անցյալ շաբաթ օրը Բեյրութի վրա հարձակման հետևանքով Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությանը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան հարված հասցնի, «կբախվի էլ ավելի ավերիչ հարձակումների»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում գրել է, որ հարվածի նպատակն է Իսրայելին ցույց տալ, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իր շահերը և իր քաղաքացիներին։
Նա ասել է, որ Իրանը երեքշաբթի ցույց տվեց իր հնարավորությունների միայն մի փոքր մասը և զգուշացրեց Իսրայելի իշխանություններին հետագա էսկալացիայի դեմ:
Երեքշաբթի ուշ երեկոյան Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է, որ իրանական գործողությունն ավարտված է, և ասել է, որ Իսրայելի պատասխան գործողությունների դեպքում Թեհրանի արձագանքը «ավելի ուժեղ և հզոր կլինի»։