Խաղաղություն չի լինելու, քանի դեռ լուծված չէ արդարության խնդիրը, հայտարարեց բարերար, գործարար Նուբար Աֆեյանը։
«Հնարավոր չէ խաղաղության հասնել, որը հիմնված է անարդարության վրա։ Այդպիսի խաղաղություն աշխարհում չի եղել։ Եղել է մի քանի րոպե, մի քանի օր, բայց չի գոյատևել։ Նույնիսկ ամերիկացիները, եվրոպացիները լավ գիտեն, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը լուծված չէ։ Դա իմ կարծիքն է, մինչև հիմա դեռ սխալ չենք, որովհետև դեռ չենք տեսնում։ Հուսով եմ, որ կարող ենք խաղաղության պայմանագիր ստեղծել»,- հոկտեմբերի 2-ին Մատենադարանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց նա։
Նուբար Աֆեյանը հաստատեց, որ վերջին շրջանում հանդիպում է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ․ «Հայաստանի կառավարության ուզածը դա է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունն անհիմն, կարճաժամկետ խաղաղություն է ուզում։ Այդքանը կարող եմ ասել»։
Նրա կարծիքով՝ իրական խաղաղության պարագայում ավելի շատ ներդրողներ կգան Հայաստան։
Աֆեյանը վստահ է, որ կառավարությունն աշխատում է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ըստ նրա՝ իշխանությունները հարցը քննարկում են տարբեր հանդիպումների ընթացքում․ «Վստահ եմ, որ մեր կառավարությունը և այլ մարդիկ համագործակցում են այս նպատակին հասնելու համար։
«Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի [գագաթնաժողովի] ընթացքում մենք կազմակերպեցինք զանազան հանդիպումներ, ամենաբարձր մակարդակի կազմակերպությունների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում խոսակցության թեման COP29-ը և Ադրբեջանում մարդու իրավունքներն էին․ ինչպես անենք, որ թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ բանտարկյալները ազատվեն COP29-ից առաջ։ Շատ բաներ ենք անում, որ COP29-ը իրենց համար չդառնա լեգիտիմություն ստեղծելու…»,- նշեց Նուբար Աֆեյանը։