Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն «Սրբազան պայքարի» հավաքի մասնակցիներին կոչ են անում պահպանել հասարակական կարգը

Ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություններ են տարածել «Սրբազան պայքարի» այսօրվա հանրահավաքի վերաբերյալ՝ կոչ անելով զերծ մնալ հասարակական կարգի խախտելուց և իշխանությունը զավթելու գործողություններից։

«Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։

ԱԱԾ-ն նշում է, որ տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ի զորու է չեզոքացնել ներքին անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելուց կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց՝ նախազգուշացնելով, որ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, և իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ ի զորու է չեզոքացնել ՀՀ ներքին անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները»,- նշված է հայտարարության մեջ։

«Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։

Մեկնաբանել