Հայկ Ղազարյան
2023-ի սեպտեմբերյան պատերազմին Ադրբեջանի հարվածի ուղղություներից մեկը Ստեփանակերտ – Մարտունի գլխավոր ճանապարհի վրա գտնվող հանգույցն էր՝ Հարավի խաչմերուկը (Հարավի յալ)։ Ասկերանի շրջանի այս հատվածում շփման գիծը ձևավորվեց 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ Աղդամի շրջանը հանձնելուց հետո։
Վաղ հարձակում «406»-ի վրա, խաղաղապահները և երկրորդ գրոհը լայնածավալի ժամանակ
Ընդունված է համարվել, որ 2023-ի սեպտեմբերյան պատերազմը սկսվել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղից, ավելի կոնկրետ՝ «406» մարտական դիրքից։ Այն գտնվում է բարձունքներում՝ գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Այս հատվածում մարտական հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանության բանակի Ասկերանի բրիգադի 4-րդ վաշտը և «Հարավի աշխարհազորը» (կազմված գյուղի և Ստեփանակերտի բնակիչներից)։

Երեք օր շարունակ «406» և մերձակա դիրքերում մարտական պատրաստվածության բարձր աստիճան էր հայտարարված («համար մեկ»)։ Իսկ սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան Հարավի աշխարհազորի ռեզերվը, որը գտնվում էր Ստեփանակերտում, տեղափոխվել էր գյուղ։
«Մենք առավոտ 9-9։15 գյուղում ենք եղել։ Մինչև սկսելը ինձ ասել են, որ շարժեր կան, հասցրել են գանք երկրորդ գիծ նստել»,- ասում է աշխարհազորային վաշտի հրամանատար Վրեժ Հայրիյանը։
«406»-ը թշնամու դիրքից գտնվում էր ընդամենը 50 մետր հեռավորության վրա։ Ժամը 09:45-ի սահմաններում դիտորդներից մեկը առաջ ձգված ադրբեջանական գրոհայինների է հայտնաբերում։

«Վարդանը ասում է՝ կամանդիր, նայի՛ր, ծառի տակ մոտ 50-60 մարդ կա։ Նրանք չոքած էին, դեպի պոստավիկներս նշան էին բռնել։ Էլ չեմ սպասում, F-1-ը (նռնակը) ուղիղ գցում եմ մեջները»,- պատմում է դիրքի ավագ Մարտիկ Հարությունյանը։
Տեղի է ունենում փոխհրաձգություն, և ադրբեջանցիները կորուստներ կրելով՝ նահանջում են ելման կետ։
Այս միջադեպից հետո Արցախի աշխարհազորի հրամանատարության ուղեկցությամբ դեպքի վայր են ժամանել խաղաղապահները։ Մարտիկի խոսքով՝ նրանցից մեկը խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալն էր։
Այդ ընթացքում Մարտիկ Հարությունյանին վաշտի հրամանատարը հայտնեց, որ դիրքի դիմաց ադրբեջանցիները մոտ տասը մեքենա են կուտակել։ «406»-ը անտառապատ տարածքում էր գտնվում, հնարավոր է չէր խոր դիտարկում իրականացնել։ Երբ ռուսները արձանագրություն էին կազմում, մոտ 13։00-ին սկսվեց լայնածավալ հարձակումը։ Խաղաղապահները և աշխարհազորի հրամանատարությունը լքեցին տարածքը՝ մեքենաները թողնելով դիրքի մոտ, իսկ մոտ 13:20 սկսվեց «406»-ի վրա գրոհը։
«Իմ բոլոր գաբիոնները (ցանցարկղ) սկսում են ոչնչացնել, միայն գնդակներ էին գալիս։ Դրանից հետո երեք անգամ մետաղի հարվածով ազդանշան են տալիս ու հարձակվում դիրքի վրա»,- ասում է Մարտիկը։
Մերձամարտից ժամ-ժամուկես անց դիպուկահարի կրակից զոհվում է դիրքի անձնակազմից տարիքով ամենաավագը՝ 47-ամյա Միխայիլ Բալայանը։

Դիրքը իր ուժերով մինչև 16։30 դիմադրում է։ Դրանից հետո նահանջում են։
«Ոչ թե փամփուշտ չկար, այլ փամփուշտ լիցքավորող մարդ չկար, որ ես բոյ տամ։ Չէինք հասցնում լիցքավորել ու կրակել։ Կոտորում ես՝ համալրված գալիս են։ 8-10 մետր հեռավորության վրա էր մարտը ընթանում»,- պատմում է Մարտիկը։
Մեր զրուցակիցները վկայում են, որ «406»-ը կորցնելուց հետո հայկական հրետանին շատ լավ է աշխատել դիրք ներխուժած ադրբեջանցիների ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել 18։00-ի սահմաններում։
4-րդ վաշտի հրամանատար Դենիս Դյաչենկոն ասում է, իր (հրամանատարական դիտակետի) մոտ եղած ականանետային հաշվարկից բացի՝ մոտակա Դահրազ գյուղից են աջակցել․ «Ինձ նաև գումարտակի և գնդի հրետանին է աջակցել։ Նախիջևանիկի մոտ հաուբիցի ստորաբաժանում ունեինք։ Իրենք այդտեղից լավ աշխատում էին»։
Մարտիկ Հարությունյանի ամբողջական պատմությունը կարող եք դիտել մեր տեսանյութում։
Երկրորդ գիծ
«406»-ից ավելի վաղ ադրբեջանցիները գրավեցին «407» մարտական դիրքը, որտեղ հերթապահություն էր իրականացնում աշխարհազորը։
Այս երկու դիրքը կորցնելուց հետո բանակը և աշխարհազորը սկսեց ուժեղացնել երկրորդ գիծը՝ հակառակորդի առաջխաղացումը դեպի Հարավի խաչմերուկ խոչընդոտելու նպատակով։ Այս դիրքերը կորստից հետո ադրբեջանցիները ավտոմատ վերահսկողություն հաստատեցին Մարտունու շրջանի կապող Հարավ – Մյուրիշեն (Մարտունու շրջան) գրունտային ճանապարհի նկատմամբ։
«406»-ը կորցնելուց հետո Մարտիկ Հարությունյանն իր անձնակազմով նահանջել է մոտ մեկ կմ ու միացել հինգ աշխարհազորայինների, որոնք ավելի վաղ զբաղեցրել էին երկրորդ գիծը։
«Էնտեղ նստում ենք, Իգորն է պատահում Հարավի աշխարհազորից։ Նորմալ պատրաստված էր, «Ֆ-1»-եր և ավել փամփուշտներ ունեին։ Իգորը ահագին աջակցել է»,- պատմում է Մարտիկը։
Ասկերանի բիգադից տասը զինծառայող ևս միանում է այս անձնակազմին։
Գյուղի մնացած հատվածները ևս սկսեցին ամրապնդել։
Հակառակորդի հատուկջոկատային խմբերի ծածուկ անցումը

«Գումարտակի հրամանատարը կապվում է ու ասում, որ «406» դիրքից մոտ 40 ադրբեջանցի է իջնում Խաչմերուկը փակելու նպատակով։ Չե՞ք տեսնում»,- պատմում է Մարտիկը։
Վրեժ Հայրիյանի խոսքով՝ հոտուկջոկատայինների ներթափանցումը սկսվել է մոտ կեսգիշերին. «Երեք խումբ էր, ամեն խմբում մոտ 30 մարդ»։
Այդ պահին նորմալ գիշերադիտակներ չունենալու պատճառով երկրորդ գծում դիրքավորված զորքը չի տեսնում ադրբեջանական հատուկ գործողությունների խմբերին։
Գումարտակի հրամանատարական դիտակետից լուսածրող գնդակներով ուղղություն են ցույց տալիս, և երկրորդ գծում ամրացած զինծառայողներն այդ ուղղությամբ կրակում են, սակայն պատասխան չեն ստանում։ Ադրբեջանցիները շտապում էին դեպի Խաչմերուկ։
Մարտիկն ասում է, որ ադրբեջանցիներն անցնում էին մեծ գազատար խողովակի հետևում թաքնված։
Հարավի խաչմերուկի մարտը․ ըստ մոտոհրաձգային վաշտի հրամանատարի
Իվանյանի տանկային զորամասի երկու հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ-2/БМП-2) և մեկ տանկ Ննգի գյուղից սեպտեմբերի 20-ի առավոտյան ժամը 3-4-ին շարժվում են դեպի Հարավի խաչմերուկ։
Իսկ Ստեփանակերտից Խաչմերուկ և Հարավ գյուղ են տեղափոխվում նաև հայ հատուկջոկատայինները։ Աշխարհազորային վաշտի հրամանատար Վրեժ Հայրիյանն ասում է, որ իրենք Խաչմերուկում գտնվող զորքին հաղորդել են ադրբեջանցիների մոտենալու մասին։
Մոտոհրաձգային վաշտի հրամանատար Հրաչ Օհանյանն ասում է, որ լուսաբացին իրենք տեղ են հասել ու խաչաձև կրակ ապահովելու համար ՀՄՄ-ներն ու տանկը համապատասխան ձևով տեղակայել։ Նրանց հաղորդել էին, որ մի ժամից ավելի պաշար ունեն պաշտպանություն կազմակերպելու համար, սակայն, ըստ Հրաչի, ադրբեջանական հատուկջոկատայինները իրենցից մոտ 100 մետր հեռավորության վրա արդեն իսկ դարան էին մտել ու սպասում էին հարմար պահի։ Այդ ընթացքում տանկային բրիգադի ծառայողները տեղում ծանոթանում են հատուկջոկատայինների հետ, փոխանակվում կապով նրանց հետ։ Բացի տեխնիկայի անձնակազմից՝ Իվանյանի զորամասից յոթ հետևակային կար Հարավի խաչմերուկում։
Ըստ Հրաչի՝ այս իրավիճակում մեծ դեր խաղաց բախտի գործոնը։ Նա իրենց շտապօգնության վարորդին հրահանգել է, որ մեքենայի ուղղությունը փոխի, որպեսզի վիրավորներ ունենալու դեպքում միանգամից Ստեփանակերտ տեղափոխեն։ Վարորդը շարժվել է դեպի իր մեքենան և պատահաբար հայտնաբերել պատսպարված հատուկ նշանակության ջոկատայիններին։ Տեղի է ունենում փոխհրաձգություն։
Հրաչը պատմում է, որ այդտեղից էլ մարտը սկսվում է․ «Վազում եմ դեպի ԲՄՊ-ն։ Տղերքին ասում եմ՝ հասնեմ ԲՄՊ, հանգիստ եղեք, ձեզ ոչ մեկ չի մոտենալու։ Վազելիս ինձ խփում են՝ մի հատ հրազենային, մի հատ բեկորային (նռնականետի կրակոցից)։ Ընկնում եմ, աչքերս բացում, բարձրանում եմ ԲՄՊ ու սկսում կրակել։ Տղերքին ահագին պատսպարում եմ։ Առաջ եկածներին հետ եմ տալիս։ Երեք «զախոդ» (գրոհահերթ) նահանջում են, հետո ձախի ԲՄՊ-ն խափանվում է, նշանառուն չի կարողանում կրակել։ Իջնում եմ, որ գնամ թումբը՝ դեպի մյուս ԲՄՊ-ն, բայց շատ էի արյուն կորցրել։ Ինձ նկատում են մերոնք ու տեղափոխում հիվանդանոց։ Տենց էլ բոյը պրծնում ա։ Որովհետև երբ ինձ իջեցրել են հիվանդանոց, ես իմ կապի միջոցը հետս տարել էի, էնտեղից էլ էի խոսում հետները։ Մինչև նկարեցին-մկարեցին, տեսնեն, թե որտեղ է կպել, էդ ընթացքում կլիներ մոտ ժամը 11:30… ադրբեջանցիները կանգնել էին, էլ չէին առաջանում»։

Այս երեք տեխնիկայից մեկ ԲՄՊ-ն է աշխատել։ Իսկ տանկը ադրբեջանցիներից ավելի մոտ էր։ Ըստ մոտոհրաձգային վաշտի հրամանատարի՝ իրենց բախտը նաև այս հարցում է բերել․ «Աստված չաներ՝ էդ խմբերում մի հատ տանկիստ լիներ, էնտեղից սաղ մարդ չէր գա։ Պարզապես հանկարծակի էին եկել»։
Հրաչը այդ մարտում բացարձակապես հրանոթից է կրակել․ «ԲՄՊ-ի կոնվեյերը (խմբ․ 500 արկ) համարյա սպառվել էր։ Բեկորային արկեր քիչ էր մնացել, զրահահար արկերով էի կրակում։ Բեկորային արկերը պահում էի նրանց շատանալու դեպքում»։
Հրաչից ու շտապօգնության վարորդից բացի, այս մարտում վիրավորվել է տանկային գումարտակի հրամանատարը։ Աշխարհազորային Վրեժ Հայրիյանի տեղեկություններով՝ երկու հայ հատուկ ջոկատային ևս թեթևակի վնասվածքներ էր ստացել։
Օհանյանն ասում է, որ մոտ գտնվելու պատճառով հրաժարվել են հրետանային աջակցությունից։
Ըստ Վրեժ Հայրիյանի՝ Հարավի խաչմերուկի մարտը սկսվել է սեպտեմբերի 20-ի, ժամը 08։00-ի սահմաններում և տևել է մինչև կեսօր․
Գրոհ ՀՕՊ զորամասի վրա
Ադրբեջանցիների տարածած այս տեսանյութը գրոհն է հակաօդային պաշտպանության դիվիզիոնի զորամասի վրա։ Այն գտնվում է Ասկերանի շրջանի Հարավ և Մարտունու շրջանի Ննգի գյուղերի արանքում․ Հարավ գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, «406» մարտական դիրքից՝ 2 կմ հարավ-արևելք, Ննգիից՝ 1,7 կմ հյուսիս-արևմուտք։

ՀՕՊ դիվիզիոնի հրամանատար Արմեն Բուդաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց վրա գրոհել են երեք ուղղությամբ։ Այս գրոհը տեղի է ունեցել պատերազմի վերջնամասում և տևել է մոտ 40 րոպե (պաշտոնապաես հրադադարը ուժի մեջ է մտել 13։00-ին)։
Բուդաղյանն ասում է, որ հստակ տեղեկություն չուներ, թե ինչ էր կատարվում առաջնագծում, այնուամենայնիվ 20 հոգուց կազմված անձնակազմը գտնվում էր զորամասի շուրջ փորված խրամատներում։
Այս գրոհի ընթացքում զոհվում է զորամասի ավագ ենթասպա Գագիկ Հակոբյանը։ Բուդաղյանը, ևս երկու հոգի թեթևակի վնասվածքներ է ստանում։
ՀՕՊ-ի հրամանատարն ասում է, որ իր խնդրանքով հայկական կողմը հրետանային հարվածներ է հասցրել զորամասի ուղղությամբ, և այդ ժամանակ իր անձնակազմը նահանջել էր ու միայն ինքն էր տարածքում։ Մոտ տասը հրետանային հարված է եղել զորամասի ուղղությամբ։

Զորամասի գրավելուց հետո ադրբեջանցիները ավելի են մոտենում Ստեփանակերտ – Մարտունի ճանապարհին։ Ննգի գյուղը անմիջապես ճանապարհի վրա է, ՀՕՊ-ից մինչև գլխավոր ճանապարհ ուղիղ գծով հեռավորությունը 1 կմ է։
Ինչպես ադրբեջանցիները հասան իրենց նպատակին
Չկարողանալով այս եղանակով Մարտունի – Ստեփանակերտ գլխավոր ճանապարհը արգելափակել իրենց համար ցանկալի կետից՝ ադրբեջանցիները, կարելի է ասել, դիմում են պլան «Բ»-ին: Մոտ ժամը 12։00-ին նրանք այս գլխավոր ճանապարհը կտրում են Հարավի խաչմերուկից 3-4 կմ հեռավորության վրա՝ Քռասնի գյուղի մոտից։ Քռասնի գյուղ նրանք հասել են Շուշիի հարակից Շոշ – Մխիթարաշեն հատվածից, որը Ստեփանակերտը Մարտունու շրջանին կապող մյուս գլխավոր՝ Ստեփանակերտ – Կարմիր Շուկա ճանապարհի վրա է։

Այսպիսով, սեպտեմբերի 20-ին Մարտունու և Ասկերանի վերին ենթաշրջանը ամբողջապես շրջափակված էին՝ կտրված մայրաքաղաքից (Մարտունու շրջանի և Ասկերանի վերին ենթաշրջանի շրջափակման մասին կարող եք կարդալ այստեղ)։
Եթե Հարավ գյուղի դիրքերը ճեղքելուց հետո հայկական կողմը մի շարք զսպիչ միջոցառումներ է իրականացրել՝ երկրորդ գծի համալրում, Հարավի խաչմերուկի պաշտպանություն, ապա՝ Շոշ – Մխիթարաշեն առաջնագիծը ճեղքելուց հետո ադրբեջանցիները գրեթե անխոչընդոտ հասել են Ստեփանակերտ – Մարտունի ճանապարհի վրա գտնվող Քռասնի գյուղ։
Ադրբեջանական İTV հեռուստաալիքի վերջերս հրապարակած ռեպորտաժում նշվում է, որ իրենց 12 հարվածների ուղղություններից մեկը եղել է Աբդալ — Քռասնի ուղղությունը։ Հնարավոր է՝ Հարավի խաչմերուկը գրավելուց հետո ադրբեջանցիները առաջանային դեպի Քռասնի։ Կամ էլ՝ հետին թվով վերախմբագրել են։ Փաստն այն է, որ ադրբեջանցիները Քռասնի Շուշիի կողմից են հասել, ոչ թե Աբդալից։
Այլ մանրամասներ
Հարավի խաչմերուկի մարտից հետո ընդհարումներ են եղել երկրորդ գծում՝ աջ և ձախ հատվածներում (գյուղի գլխավերևում)։ Աշխարհազորային Իգորի խոսքով՝ «էշ-էշ իջնում էին»։ Պայմանագրային Մարտիկի հիշելով՝ դա տեղի է ունեցել հրադարից հետո (խմբ․՝ հրադադարը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 20-ին ժամը 13։00-ին)։
Հայ հատուկջոկատայինները նաև օգնության էին եկել երկրորդ գծում դիրքավորված տղաներին։
«Այս անգամ էլ առաջինը նորագյուղցի Վարդանն է նկատում, աչքիս՝ նման հարցերում ուժեղ է։ Ասում է՝ թուրքը»,- պատմում է պաշտպանության բանակի պայմանագրային Մարտիկ Հարությունյանը։
Հայերը մարտի են բռնվում հայտնաբերված ադրբեջանական ուժերի հետ։ Ադրբեջանիցները կորուստներ կրելով նահանջում են։
Դրանից հետո երկրորդ գիծը ադրբեջանական կողմը հրետակոծել է։ Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել։
Իգորը ասում է, որ պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիները ոչ թե իրենց դիերն էին հավաքում, այլ շտապում էին ճանապարհները արգելափակել․ «Տեսնում էի, թե ինչպես են Մյուրիշեն և ՀՕՊ տանող ճանապարհները քարերով ու ճյուղերով փակում»։
Հարավի տարհանումը, Արցախի իշխանությունները և խաղաղապահների ԲՏՐ-ը
Առավոտյան մոտ 10-ին «406» մարտական դիրքի վրա տեղի ունեցած գրոհից հետո նախքան լայնածավալ պատերազմը (սկսվել է 13։00-ի սահմաններում), իրավիճակը լարվում էր Ասկերանի շրջանում։ Պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։
«Թշնամին գնդակոծում է Ասկերանի Հարավ գյուղի հայկական դիրքերը» վերտառությամբ այս տեսանյութը համացանցում հայտնվել է սեպտեմբերի 19-ին, ժամը 12։37-ին։
Մոտ 300 բնակիչ ունեցող Հարավի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը ասում է, որ առաջին հարձակման ժամանակ շրջվարչակազմի ղեկավարի միջնորդությամբ կապ է հաստատել պետնախարարի հետ։ Սակայն իրեն փոխանցել են, որ պետք չէ մարդ տարհանել, դրա անհրաժեշտության դեպքում իշխանությունները մեքենաներ կուղարկեն։
«Ասել եմ՝ լավ կլինի։ Տեսել եմ վիճակը ինչպիսին է, էլ ոչ մեկին չեմ զանգել ու չեմ ասել, թե ինչ եմ անում։ Նույն ժամին սկսել եմ ժողովրդին հանելը»,- պատմում է Ղազարյանը։ Ըստ գյուղապետի՝ վառելիք են գտել ու եղբորը պատկանող «Ֆորդով» ցերեկվա ժամը մոտ 12։00-ից մինչև երեկոյան 10։00-ը կանանց, երեխաներին ու տարեցներին թաղամաս առ թաղամաս սկսել են տարհանել Ստեփանակերտ։
Ուշագրավ անցքեր՝ պատերազմից հետո
Սեպտեմբերի 21-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ռուս խաղաղապահների ու ադրբեջանցի զինվորականների հետ գալիս է Հարավ գյուղ։ Տարածքում մնացած հայկական զորքը նրա հետ դուրս է գալիս այդ օրը։ Ըստ Հարավ համայքնի ղեկավար Անդրանիկ Ղազարյանի՝ նախագահը հավաստիացրել է, որ տարհանված ժողովուրդը հետ է գալու գյուղ։
Ապահովության համար Անդրանիկ Ղազարյանը խնդրում է, որ խաղաղապահների մեկ զրահափոխադրիչ (БТР, ԲՏՐ) իր անձնակազմով մնա գյուղում, քանի որ գյուղի դիրքերը գրավվելուց հետո շուրջբոլորը ադրբեջանցիներ էին, և իրենք մենակ էին։ Խաղաղապահների այդ անձնակազմը երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ի առավոտյան, որոշում է լքել գյուղը։ Այդ ժամանակ գյուղում 65 մարդ կար։
«Բարձրանում եմ թումբը, ուղիղ զանգում պետնախարարին (Արթուր Հարությունյան), իր ձեռքի համարին։ Ասում եմ՝ էս ի՞նչ է կատարվում, էս ռուսը գնում է, ժողովուրդն էլ անտեր ու անտիրական է մնում։ Նա էլ՝ էսա, էսա, սպասեք, տեսնենք։ Ժամը երկուսի վրա ռուսը իր անձնակազմը հավաքում է ու քշում-գնում։ Յալն էլ արդեն փակած է, տեսնում ենք, որ թուրքերը այնտեղ պոստ են դրել, իրենց պերեսմենկան գալիս-գնում է, ճաշ են բերում։ Ճանապարհը լրիվ փակված էր»,- պատմում է Անդրանիկը։
Ըստ նրա՝ ավելի ուշ պետնախարար Արթուր Հարությունյանն իրենց ասել էր, որ հնարավոր է՝ ռուսները հերթափոխ են անում։ Սակայն նրանց փոխարեն այդպես էլ մարդ չի եկել։
«Ամսի 23-ը այդպես ենք անցկացրել։ 24-ին էլ էլի մեր հերթափոխով հսկել ենք գյուղը։ 25-ի կեսօրից հետո դուրս ենք եկել»,- ասում է համայնքապետը։
Հայկական զորքերի դուրս գալուց հետո ադրբեջանցիները անցակետ են տեղադրում Հարավի խաչմերուկում։
«Անցակետ են դրել իր ամեն ինչով՝ ռազմական ոստիկանություն, սահմանային զորքեր։ էդ պահին արդեն Մարտունու շրջանն էր դուրս գալիս։ Մարտունու շարասյան վերջը չէր երևում։ Եկել ենք Յալում՝ այդ նույն պոստի մոտ կանգնել։ Անձրև է սկսվել, ինչը օգնել է, որ շուտ անցնենք, մեքենաները հատ-հատ չեն ստուգել»,- պատմում է գյուղապետը։
Այս քարտեզում նշված են «Հարավի խաչմերուկի» ուղղությամբ տեղի ունեցած ռազմական գործողությունները։
Տե՛ս նաև՝ «2023 սեպտեմբեր․ Մարտունու շրջանի և Ասկերանի վերին ենթաշրջանի շրջափակումը» հոդվածը։