Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի որոշմամբ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը վաղաժամկետ զրկվեց ավագանու մանդատից: Նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր՝ պատճառաբանությամբ, թե Երիցյանը մեկ նստաշրջանի ընթացքում բացակայել է իրավական մշտական հանձնաժողովի նիստերի կեսից։

Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր․ «Ոչ մի վրեժխնդրության մասին խոսք չկա։ Մենք ոչ մեկս թշնամիներ չունենք այս դահլիճում, ուղղակի եկեք ֆիքսենք, եթե կա սկզբունք, իսկ այդ սկզբունքը ֆիքսվել է հենց այդ նիստին, ինչի՞ ենք իրարից նեղանում»։
Ավագանու ընդդիմադիր անդամները, սակայն, այս որոշումը քաղաքական հաշվեհարդար որակեցին։
Նույն նիստի ժամանակ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարի նախաձեռնությամբ խմբակցությունից հեռացած ավագանու անկախ անդամներ Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը ևս զրկվեցին մանդատից՝ մեկ նստաշրջանի ընթացքում 29 քվեարկություններից 16-ին չմասնակցելու համար։
Ե՞րբ կարող են դադարեցվել ավագանու անդամների լիազորությունները
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Երևանի ավագանու 1-ին և 2-րդ նստաշրջաններում քվեարկություններից և հանձնաժողովների նիստերից ավագանու անդամների բացակայությունները՝ հասկանալու արդյոք չկա՞ն ավագանու այլ անդամներ, որոնք ևս կարող էին հեռացվել՝ հաշվի առնելով օրենքի դրույթները։
Հանձնաժողովների քվեարկությունների ավելի քան կեսից այլ անդամներ էլ են բացակայել, բայց չեն զրկվել մանդատից
Երևան քաղաքի ներկայիս ավագանին ձևավորվել է 2023-ի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով։ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանը գումարվել է 2023-ի հոկտեմբերից դեկտեմբերի ընթացքում, իսկ երկրորդը՝ 2024-ի փետրվարից հունիսի ընթացքում։
Նստաշրջանների ընթացքում գումարվում են ավագանու և հանձնաժողովների նիստեր։
Երևանի ավագանին ունի 4 մշտական հանձնաժողով՝ «Իրավական», «Քաղաքաշինության և հողօգտագործման», «Մշակույթի, կրթության և սոցիալական» և «Ֆինանսավարկային և տնտեսական» հարցերի։
Գրիգորի Երիցյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ նշվում է, որ նա «ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից»:
Գրիգորի Երիցյանն իսկապես 2-րդ նստաշրջանում իրավական հանձնաժողովի 5 նիստերի 4-ից բացակայել է, իսկ ընդհանուր՝ իրավական հանձնաժողովի 7 նիստերի 6-ից, բայց ավելի քան կեսից բացակայություններ են ունեցել ավագանու այլ անդամներ ևս, որոնց լիազորությունները, սակայն, չեն դադարեցվել։
Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյաների համաձայն, օրինակ, Գրիգորի Երիցյանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Սամվել Մելիքյանն ու Արամ Թորոսյանը 2-րդ նստաշրջանում իրավական հանձնաժողովի 5 նիստերի 3-ից բացակայել են։ Երկու նստաշրջանների ընթացքում և՛ Արամ Թորոսյանը, և՛ Սամվել Մելիքյանը հանձնաժողովի 7 նիստից 5-ին ներկա չեն եղել։

Այսինքն, չնայած, որ Գրիգորի Երիցյանն ամենաշատն է բացակայել իրավական հանձնաժողովի նիստերից, այնուամենայնիվ, ավելի քան կեսից բացակայել են նաև Արամ Թորոսյանն ու Սամվել Մելիքյանը։
2024-ի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ավագանու նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք ավագանու և հանձնաժողովի նիստերից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն բացակայել, ասել էր․ «Ցանկացած ավագանի ազատ է այդ հարցը բերել օրակարգ»։
Մինչդեռ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Կիրակոսյանը 2-րդ նստաշրջանի ընթացքում բացակայել է քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի 7 նիստից 4-ից։ Երկու նստաշրջանների ընթացքում Կիրակոսյանը բացակայել է հանձնաժողովի իրականացրած 9 նիստից 5-ից։
Ովքե՞ր էին հեռացվել ու չէին հեռացվել 1-ին նստաշրջանում ևս քվեարկությունից բացակայելու համար
Երևանի ավագանին 2024-ի փետրվարին մանդատազրկել էր «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին՝ նիստերից բացակայելու և «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին՝ առաջին նստաշրջանի ընթացքում քվեարկություններից բացակայելու համար։ Ավագանու ոչ մի քվեարկությանը չմասնակցած «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի և մեծ թվով բացակայություններ ունեցող նույն խմբակցությունից Գևորգ Ստեփանյանի հեռացման հարց ևս բարձրացվել էր, սակայն նրանք չզրկվեցին մանդատից այդ ժամանակ, քանի որ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ դեմ էին քվեարկել։

Ավագանու նիստերին և քվեարկություններին ընդհանրապես չեն մասնակցել նաև «Հանրային ձայնից» Արտակ Գալստյանն ու Տիգրան Ուրիխանյանը։ Գալստյանը կալանավորված է, և ՔՊ-ն հայտարարել էր, որ «ոչ ջենթլմենական ու ոչ սոլիդար քայլ կլինի անազատութան մեջ գտնվողին զրկել մանդատից»։
Ուրիխանյանն էլ հետախուզման մեջ է և Հայաստանում չէ բավական երկար ժամանակ։ Նա դեռևս 2023-ի սեպտեմբերին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, բայց ի վերջո քաղաքապետարանը այն հաստատել էր 2024-ի մարտին։
Տիգրան Ավինյանը վերջերս՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ ասել էր․ «Նախորդ նմանատիպ նիստին սկզբունքը, այսպես ասած, ամենաշատ բացակայած անձանց էր վերաբերում։ Այնսինքն՝ այն մի քանի հոգին նախորդ անգամ, որ հեռացվել ենս այդ սկզբունքով են հեռացվել՝ ամենաշատ բացակայությունների հիմքով»։
Այսինքն, ըստ Ավինյանի, մանդատից զրկվել են միայն ամենաշատը բացակայածները, այնինչ վերը նշված ավագանու անդամներից բացի՝ այլ անդամներ էլ են նույնքան կամ դարձյալ մեծ թվով բացակայություններ ունեցել։
Նախ նկատենք, որ 1-ին նստաշրջանում «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում էին ավագանու նիստերը և չէին մասնակցում նիստերին։
Եվ եթե Սոնա Աղեկյանը հեռացվել էր, քանի որ առաջին նստաշրջանի ընթացքում քվեարկությունների 50%-ից ավելիին չէր մասնակցել, ապա քվեարկությունների 50%-ից ավելիին չեն մասնակցել նաև նույն խմբակցության անդամներ Մեսրոպ Մանուկյանը, Մանուկ Սուքիասյանը, Սամվել Հարոյանը և այլոք, որոնց մանդատից զրկելու նախագիծ չի ներկայացվել։
*Ինֆոգրաֆիկայում ներկայացված են 1-ին նստաշրջանում քվեարկություններից 50%-ից ավելիին չմասնակցած այն ավագանու անդամները, որոնք ամբողջ նստաշրջանի ընթացքում զբաղեցրել են ավագանու պաշտոնը, ավագանու որոշ անդամներ նթացքում դադարեցրել են լիազորությունները կամ նրանց փոխարեն ավագանու նոր անդամներ են եկել, որոնց բացակայությունների վերաբերյալ տվյալներն արտացոլված չեն գրաֆիկում
2-րդ նստաշրջանում ևս քվեարկությունից բացակայությունները շարունակվում են, բայց բացակայողները մանդատից չեն զրկվում
Արդեն 2-րդ նստաշրջանում՝ փետրվարից մինչև հունիս, Զարուհի Փոստանջյանը 29 քվեարկություններից ոչ մեկին չի մասնակցել, այսինքն՝ 2023-ին Երևանի 5-րդ գումարման ավագանու ձևավորվելուց ի վեր Զարուհի Փոստանջյանը երբևէ որևէ քվեարկության չի մասնակցել, բայց նրան 2-րդ նստաշրջանում բացակայությունների համար հեռացնելու վերաբերյալ հարց չբարձրացվեց։
2-րդ նստաշրջանում ևս մեծ թվով ավագանու անդամներ կան, որոնք 50%-ից ավելի քվեարկություններին չեն մասնակցել։ Օրինակ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արաքսի Դիլանյանը 29 քվեարկություններից 22-ին չի մասնակցել, նույն կերպ՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանը չի մասնակցել 29 քվեարկությունից 23-ին, բայց նրանց լիազորությունները դադարեցնելու հարց չի քննարկվել։
*Ինֆոգրաֆիկայում ներկայացված են 2-րդ նստաշրջանում քվեարկություններից 50%-ից ավելիին չմասնակցած այն ավագանու անդամները, որոնք ամբողջ նստաշրջանի ընթացքում զբաղեցրել են ավագանու պաշտոնը. ավագանու որոշ անդամներ ընթացքում դադարեցրել են լիազորությունները կամ նրանց փոխարեն նոր անդամներ են եկել, որոնց բացակայությունների վերաբերյալ տվյալներն արտացոլված չեն գրաֆիկում
Նշենք, որ երկու նստաշրջանների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցության անդամներից հարցերի քվեարկություններից 50%-ից ավելի բացակայածներ չեն եղել։
Հստակեցնենք կրկին, որ խոսքը գնում է ոչ թե ավագանու նիստերից ընդհանրապես բացակայելու, այլ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկություններին չգրանցվելու և չմասնակցելու մասին։ Օրինակ՝ 2023-ի հոկտեմբերի 26-ի ավագանու նիստին Գրիգոր Երիցյանը թեև ներկա էր, հանդես էր եկել ելույթներով, սակայն նա չէր մասնակցել օրակարգում ընդգրկված չորս հարցերի քվեարկությանը։
Եվ մի շարք դեպքերում ավագանու ընդդիմադիր անդամները ներկայացել են նիստերին, սակայն փաստացի բոյկոտել են հարցերի քվեարկությունները, ինչի հետևանքով էլ նրանց բացակայությունները այսքան շատ են։