Կառավարությունը 300 միլիոն դրամ կհատկացնի Տավուշի և Լոռու մարզերում մայիս ամսին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսվարողներին փոխհատուցելու համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 3-ի նիստում։
Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ այս ծրագրով պլանավորվում է փոխհատուցել 150 շահառուների։
«Այս պահին արդեն իսկ ունենք 74 դիմում, մնացյալի հետ աշխատում ենք։ Մենք հատուցելու ենք երկու բաղադրիչով՝ գույքային հատված ու չստացված եկամուտների ուղղությամբ, որ կապել ենք նախկինում իրենց վճարած հարկերի հետ»,- ասաց Պապոյանը։
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
***
Այս ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը։ Տնտեսվարողների վնասվածությունը դասակարգվել է երեք աստիճանի՝ ցածր, միջին և բարձր։
Ցածր աստիճանի վնասվածության դեպքում 1 քմ համար տրամադրվում է 6 600 դրամ, միջինի դեպքում՝ 14 900 դրամ, բարձրի դեպքում՝ 24 800 դրամ։ Աջակցության չափը չի կարող գերազանցել յուրաքանչյուր շահառուին 1,2 մլն դրամը։
Աջակցություն կտրամադրվի ծրագրի մեկ այլ բաղադրիչով ևս։ Այս դեպքում հաշվի են առնվելու 2023-ին տնտեսվարողի վճարած հարկերը։ Այդ բաղադրիչով ցածր աստիճանի վնասվածության դեպքում կվերադարձվի 2023-ի հարկերի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 5 մլն դրամ, միջինի դեպքում՝ 70 տոկոսը, բայց ոչ ավելի քան 10 մլն դրամ, բարձրի դեպքում՝ 100 տոկոսը, բայց ոչ ավելի քան 15 մլն դրամ։