Գլխավոր Լրահոս

Հրազդանի կիրճը՝ մասնավորի ու պետության արանքում

Հրազդանի կիրճը՝ մասնավորի ու պետության արանքում

Անմխիթար հողատարածքներ ու անկանոն կառուցապատում․ այն, ինչ Երևան համայնքը ժառանգել է 1990-ականներից Հրազդանի կիրճում կամ ձորում, առ այսօր չի հաջողվում վերականգնել։ Կիևյան կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ ընկած 2,5 կմ տարածքը համարվում է մայրաքաղաքի էկոլոգիական առանձնահատուկ անկյուններից մեկը, բացասական առումով նույնքան առանձնահատուկ է նաև քաղաքային իշխանությունների վերաբերմունքը դրա նկատմամբ։ 

ՍիվիլՆեթը գնացել է պատմության ու Հրազդանի կիրճի խորքերը՝ հասկանալու խնդրի էությունը։ Մի կողմից մենք ուսումնասիրել ենք կանաչ տարածքների սեփականաշնորհման գործընթացները, մյուս կողմից տեղային մակարդակում պարզել, թե ինչպես է համայնքային իշխանությունը նախատեսում կասեցնել այդ գործընթացը։ 

Կառուցապատումներ․ ինչպես ամեն ինչ սկսվեց 

Հրազդանի կիրճի նկատմամբ բիզնեսի ախորժակը բացվեց դեռ խորհրդային տարիներին։ Մինչև 2000-ականների սկիզբը այստեղ 23 շենք-շինություններ են եղել։ ՍիվիլՆեթը Ազգային արխիվի պահոցից գտավ 2000-ին՝ այդ ժամանակ քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ուղղված մի տեղեկանք, որում նաև առաջարկվում էր սահմանափակել կառուցապատումները։

Այդ փաստաթղթի համաձայն՝ Հրազդանի ձորը ներառում էր Հաղթանակ կամրջից մինչև Մեծ (Կիևյան) կամուրջ ընկած հատվածը՝ շուրջ 110 հեկտար մակերեսով։ Այն պայմանական բաժանվել էր 5 հատվածի՝ Ձորագյուղին, Կոնյակի գործարանին, Հրազդան մարզադաշտին, Մանկական երկաթուղուն և Մեծ (Կիևյան) կամրջին հարող հատվածների։ Այստեղ կառուցվել էր «Ձորագյուղ» թաղամասը, սրճարանն ու խորտկարանը, «Թ․ և Գ․» ՍՊԸ-ն ուներ հյուրատուն ու գրասենյակ, «Փոլեյենց» ՍՊԸ ռեստորան։ Կային այլ կառուցապատողներ։ Ընդհանուր առմամբ՝ զբաղեցված էր ձորի ավելի քան 23 հեկտարը, որն իր մեջ ներառում էր նաև թաղամասը, մարզադաշտը, Ջրատարի սանիտարական գոտին և այսպես շարունակ։

Նույն նամակով քաղաքապետին առաջարկվում էր «բնապահպանական նկատառումներից ելնելով մնացած ողջ տարածքը հայտարարել քաղաքաշինական գործունեության համար արգելված գոտի և թույլ չտալ կառուցապատումը»։ Սակայն այս առաջարկն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Երևանի քաղաքապետին ուղղված գրություն | էջ 1
Երևանի քաղաքապետին ուղղված գրություն | էջ 2

2000 թվականից հետո․ շինությունների օրինականացման սխեման

Հրազդանի կիրճում տեղի է ունեցել ուշագրավ հողհատկացման և գույքի օրինականացման սխեմա։ Մեծամասամբ ձեռագիրը նույնն էր։ Ընկերությունները կառուցել են ապօրինի գույքեր՝ սրճարան, խորովածանոց, հիմնել հանգստի գոտի և այլն։ Այնուհետև դատախազությունը մտել է դատարան ու պահանջել, որ ապօրինի կառույցը ճանաչեն Հայաստանի սեփականությունը։ Այդպես էլ եղել է․ դատարանները հայցերը բավարարել են։ Սրան հաջորդել է մյուս գործընթացը․ կառուցապատողները դիմել են քաղաքապետարանին, որ այդ գույքերը համայնքային իշխանությունը վաճառի իրենց։

Օրինակներից մեկով՝ դատարանի վճռով «Արջանոց» ՍՊԸ-ի կառուցած 1323,65քմ մակերեսով շինությունները ճանաչվել են ՀՀ սեփականություն և ընդգրկվել Երևանի հաշվեկշռում։ 2005-ի մայիսի 30-ի՝ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի համապատասխան որոշմամբ՝ այդ տարածքը 13,2 մլն դրամով վաճառվել է գույքի նախկին կառուցապատողին։

Այսպես օրինականացվել են մի շարք շինություններ ու կառույցներ։

Ո՞ւմ միջև են բաժանված Հրազդանի կիրճի հողատարածքները

Հրազդանի կիրճում շատ են ռեստորանային համալիրները։ Այստեղ իրենց մասնաբաժինն ունեն Հայաստանի խոշոր գործարարներից ու քաղաքական դեմքերից մի քանիսը։ Միաժամանակ այս տարածքում քիչ չեն նաև սեփականաշնորհված, բայց չշահագործվող հողատարածքները։ Որպես կանոն, դրանք վերածվում են անմխիթար հատվածների։

Հաղթանակի կամրջի հարակից 7 699 քառակուսի մետր տարածքը 2022-ի հոկտեմբերից սեփականության իրավունքով գրանցված է «Սասնա-երկիր» ՓԲԸ-ի անվամբ։ Այս ընկերության 60%-ը, ըստ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի, պատկանում է ռուսաստանցի գործարար Խաչիկ Խաչատրյանին։ Նա նաև բաժնեմասեր ունի ռեստորանային բիզնեսի ոլորտում գործունեություն ծավալող «Վալենսիա» ընկերությունում, Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայում և այլ ընկերություններում։ «Սասնա-երկիր» ՓԲԸ-ի տնօրենն էլ Աշխեն Մաթևոսյանն է, որը 2023-ի ընտրություններին ՔՊ-ի դրամահավաքին փոխանցել է 2,5 մլն դրամ։ Ի դեպ, այս ընկերության իրավունքի գրանցումը գույքի նկատմամբ գրանցվել է Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելուց օրեր անց։

Ափի մյուս հատվածում էլ ֆիզիկական անձ Հովհաննես Էլբակյանին պատկանող 1694,55քմ մակերեսով հողամասն է՝ բնակավայրերի կամ հասարակական կառուցապատման նպատակային նշանակությամբ։ Իրավունքը գրանցվել է 2019-ին։

2007-ին էլ գրանցվել է «Ֆ.Հակոբյան» ՍՊԸ-ի իրավունքը կիրճի՝ 3917,64քմ մակերեսով հողամասի վրա՝ կառուցապատման համար։ Այս ընկերությունը դրա նախկին բաժնետեր Ֆիամետա Հակոբյանի անվամբ է։ Այդ տարիներին, ինչպես նաև ներկայում, նա զբաղեցնում է Երևանի շամպայն-գինիների գործարանի գործադիր մարմնի ղեկավարը։ Ներկայում «Ֆ.Հակոբյանը» պատկանում է Հեղինե Ամիրխանյանին։

Այստեղ երկու խոշոր հողատարածքներ ունի «Աբարաս» ՓԲԸ-ն՝ գետի երկու ափին։ Իրավունքների գրանցումը 2017-ին է եղել։ Այս ընկերությանն է պատկանում «8-րդ հրաշալիք» ռեստորանը։

Հրազդանի կիրճում մոտ 3 000քմ տարածքում ռեստորանային համալիր կա՝ «Մոնտե Քրիստոն», որը շահագործում է «Ակումբ համալիր» ՍՊԸ-ն։ Ընկերության իրական շահառուն Ալվարդ Մուսայելյանն է՝ 2009-ից։

Կիրճում է տեղակայված նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող «Փարվանա» ռեստորանը։ Ընդհանուր այն զբաղեցնում է ավելի քան 11 000քմ տարածք։ Տարածվում է ճանապարհի աջ և ձախ մասերում։

Այստեղ է գտնվում նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանը։ Նա նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալն է կապիտալ շինարարության և վերանորոգման գծով:

Ինչ է սպասում Հրազդանի կիրճին

2022-ից քաղաքային իշխանությունը սկսեց խոսել Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ տալու մասին։ 

«90-ականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում ցավոք փոխեցին հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները»,- արձանագրեց քաղաքապետարանը՝ ամփոփելով, որ Հրազդանի կիրճը կունենա հատուկ կարգավիճակ։

ՍիվիլՆեթը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ եղավ այդ ծրագիրը և ինչու երկու տարվա մեջ չի հաջողվել այն կյանքի կոչել։

Քաղաքապեատարանից պաշտոնապես պարզաբանեցին, որ այն ընթացքի մեջ է․

«Հրազդանի կիրճին բնապահպանական հատուկ կարգավիճակի շնորհման ծրագրով նախատեսվում է նախաձեռնել կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհելու աշխատանքներ: Ներկայումս ծրագրի առաջին փուլն է. տարածքի կենսաբազմազանության գույքագրում, թեմատիկ քարտեզագրում, բնապահպանական արժեքների բացահայտում, որը հիմք կհանդիսանա Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման համար»,- ասված է պատասխանում։

«Ներկայումս շարունակվում են կիրճում առկա գույքերի, հողօգտագործման իրավունքների գույքագրման և քարտեզագրման, ինչպես նաև կենսաբազմազանության մասնագետների կողմից կարմիրգրքյան բույսերի և կենդանիների գույքագրման աշխատանքները։ Պայմանագիրը Երևանի քաղաքապետարանի և «Գեովայբ» ՓԲԸ-ի միջև կնքվել է 31․08․2023-ին,  ֆինանսական միջոցները հատկացվել են 29․11․2023-ին և ավարտը նախատեսվում է 29․10․2024-ին»,- հայտնեցին քաղաքապետարանից։

Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տրամադրելու գործընթացի շրջանակներում 2023-ի մայիսի 31-ին հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Գեովայբ» ՓԲԸ-ն (Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի հետ համատեղ), որի  կողմից ուսումնասիրությունները սահմանված գրաֆիկով շարունակվում են։ 

Նաև նշվում է, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման ներկայացումը և հաստատումը նախատեսվում է 2025-ի սկզբին, որի հաստատումից հետո պետք է իրականացվի «Հրազդանի կիրճ» ԲՀՊՏ-ի (բնության հատուկ պահպանվող տարածք) կառավարման պլանի մշակման, հաստատման և հետագա իմպլեմենտացիայի աշխատանքներ, որը կտևի մոտավորապես մեկ տարի։

«Մինչ այդ, տարածքում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ գիտական կազմակերպությունների կողմից, ներկայացվել են տարածքում ԲՀՊՏ հիմնելու նախնական հիմնավորումները, որոնք ներկայացվել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, ստացվել է ՀՀ ՇՄՆ դրական դիրքորոշումը տարածքում ԲՀՊՏ ստեղծելու վերաբերյալ։ Իրականացվել է «Հրազդանի կիրճ» պլանավորվող ԲՀՊՏ-ի նախանշված տարածքի ելակետային ուսումնասիրության, կենսաբազմազանության գույքագրման և թեմատիկ քարտեզագրման ծառայության  գնման  Տեխնիկական առաջադրանքի մշակում բնապահպանության վարչության կողմից և կազմակերպվել է գնման գործընթացը»,- ամփոփեցին քաղաքապետարանից։

Կիրճի նկարագրի վերականգնման փորձերը

Նախորդ տարվա վերջից էլ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կիրճում երթևեկությունը սահմանափակվեց շաբաթ և կիրակի օրերին։ Այժմ կիրճը փակ է նշված ժամակահատվածում և ծառայում է որպես հանգստի ու սպորտային ժամանցի գոտի։

Հրազդան գետի կիրճում սպորտի և զվարճանքի կենտրոն հիմնելու գաղափարը վաղուց առաջարկվել էր «Ստորակետ» ճարտարապետական բյուրոյի նախագծով։ Գաղափարի համահեղինակներն են Հայկ Զալիբեկյանը, Անահիտ Ադամյանը և Վահագն Թուխարյանը:

Հայկ Զալիբեկյան, ճարտարապետ

«Երևանը միշտ կախված ու կապված է եղել Հրազդան գետին, բայց վերջին տասնամյակների ընթացքում այն ընդհանրապես անտեսվել է։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ գետն ու քաղաքն առհասարակ իրար հետ կապ չունեն»,- ասում է ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը։

Նրանք առաջարկում էին շաբաթ-կիրակի օրերին ճանապարհը փակել ու ստեղծել ժամանցային գոտի կիրճի հատվածում։

«Մենք ընտրել էինք այն հատվածը, որն ազատ էր կառուցապատումներից։ Եթե Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից գնանք՝ ամենավերջին ռեստորանից դեպի Կիևյան կամուրջ ընկած հատվածն էինք ընտրել։ Այդ մասում ճանապարհի երկայնքով որևէ կառուցապատում չկար, փոխարենը տեղ-տեղ կային լայնացումներ, որոնք հնարավոր էր օգտագործել նման գործառույթների համար։ Այդ տարածքում ստեղծվելու էր թենիսի փոքր կորտ, մինի-ֆուտբոլի դաշտ կամ ամֆիթատրոններ, որպեսզի քաղաքացիները վայելեն գետը»,- ասում է Զալիբեկյանը։

Նա հիշեցնում է Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակի, այլ անվանումներ՝ «Չռիկի», նախկինում նաև «Բիձու գյոլի» օրինակը․ «Այն ցույց է տալիս, որ գետն ունի պոտենցիալ, եթե կարողանանք այն ճիշտ օգտագործել, կկարողանանք մեծ օգուտներ քաղել»,- նշեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ սկզբում Երևանի քաղաքապետարանը կողմ էր նախագծին, բայց հետո գործընթացը խրթին դարձավ ու մոռացվեց։

Հրազդանի կիրճը նաև հայտնի է մշակութային տեսանկյունից։ Ինչպես մշակութային, այնպես էլ էկոլոգիական հատվածի վերականգնումը հնարավոր է ձորի ու գետի հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ՝ նախ և առաջ կառուցապատումները արգելելու կամ առնվազն սահմանափակելու միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում