Հոկտեմբերի 3-ը Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է, ու թեև տարին հոբելյանական չէր, այնուհանդերձ, սոցցանցերի հայկական ու ռուսական տիրույթում քիչ չէին հրապարակումներն այդ առիթով՝ հոդվածներ, հուշեր, գնահատանքի ու արժևորման խոսքեր։
Թատրոնում, բայց հատկապես կինոյում խաղացած դերերի քանակով նա համաշխարհային ռեկորդների էր մոտենում։ Նրա խաղացած դերերը կարող էին լինել առավել կամ պակաս հետաքրքիր, բայց երբեք անհավաստի, ոչ համոզիչ։ Նրա դերասանական գունապնակում կարծես թե չկար ժանրային սահմանափակում․ խաղում էր հոգեբանական դրամաներում ու իրադրությունների կատակերգություններում, խաղում էր սենտիմենտալ մելոդրամաներում ու բազմաշերտ տրագիկոմեդիաներում, խաղում էր գրոտեսկային ֆարսերում ու պարզունակ հեքիաթներում։ Ինչ դեր էլ որ ստանձներ՝ դարձնում էր այն իր միջավայրի ու ժամանակի տիպը։ Նրա կերտած կերպարները ճանաչելի էին, ընկալելի, ասես մի տեղ տեսել, հանդիպել կամ նույնիսկ զրուցել էիր այդ հերոսի հետ։ Եվ այդ բոլոր կերպարներն ինքն էր՝ Արմեն Ջիգարխանյանը։
Թեև կյանքի մեծագույն մասն ապրեց Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում ու խաղաց ռուսերեն, բայց իր նկարագրով հայ էր։ Հոգեբանական այն հավաստիությունը, որ ունեին նրա կերպարները, դերասանական խաղի պայմանաձևը սկզբնավորվել էին Երևանում, ավելի ստույգ՝ Գեղարվեստա-թատերական ինստիտուտի այն կուրսում, որի ղեկավարը հայ թատրոնի ամենապրոֆեսիոնալ բեմադրիչ ու մանկավարժ Արմեն Գուլակյանն էր։ Խորեն Աբրահամյան, Արմեն Ջիգարխանյան, Գալյա Նովենց․ էլի անուններ կարող ենք թվարկել, բայց այս երեք արտիստների դերասանական խաղի բնույթն ու անտարակուսելի հավաստիությունը Գուլակյանի դպրոցի, բեմական իրավիճակների կառուցման և կերպարների լիարյունության մեթոդի արդյունքն ու արգասիքն են։
Արմեն Ջիգարխայանն էլ ինչ խաղացել է, խաղացել է ճիշտ։ Ճիշտ բառը, որպես գեղարվեստական որևէ դրսևորման գնահատական, կարող է նաիվ ու քիչ բան ասող թվալ։ Մինչդեռ թատրոնում ճիշտ բառի հականիշը միայն սխալը չէ, այլև՝ կեղծը։ Արմեն Ջիգարխանյանի ստեղծած կերպարներում կեղծ ոչ մի նոտա չէր կարող տեղ ունենալ։ Այո, խաղում էր ամեն ինչ։ Ամեն ինչ, բացի ողբերգական կերպարներից։ Իր երկար դերասանական կենսագրության ընթացքում եղել են նաև հայտնի ողբերգությունների հերոսներին մարմնավորելու փորձեր, բայց չի գայթակղվել, պատկերավոր ասած՝ Համլետ խաղալու հովերով։
Հավանաբար, շատ արագ հասկացել է, որ իր արտիստական նկարագրով մեծ, ողբերգական կրքերի արտահայտողը չի կարող լինել։ Չի կարող, որովհետև դրանք չէին տեղավորվում իր ժամանակի ու միջավայրի մեջ, Համլետը չի կարող տիպականացվել։ Ժամանակն այլևս ողբերգություններինը չէր, այլ՝ դրամայինը։
Խորհրդային կինոյում խաղացած հարյուրավոր դերեր Արմեն Ջիգարխանյանին մեծ ճանաչում էին ապահովել ինչպես հսկայական երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կարող էր տպավորություն ստեղծվել, թե չի մերժում կինոյում նկարահանվելու ոչ մի առաջարկ, մինչդեռ դրանք այնքան մեծաթիվ էին, որ մեծ ցանկության դեպքում անգամ ժամանակը չէր հերիքի գոնե կեսին համաձայնություն տալ։
Այնուհանդերձ, կինոդերասան Արմեն Ջիգարխանյանն իմ մտապատկերում հայկական կինոյի ներկայացուցիչ է։ Չեմ հիշում այլ ստուդիաներում նկարահանված որևէ ֆիլմ, որտեղ նա այնքան կատարյալ լինի, ինչպես երեք հայկական կինոնկարներում։
Առաջինը Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում Ուստա Մկրտիչն է, երկրորդը՝ Ներսես Հովհաննիսյանի՝ «Երևան» ստուդիայում նկարահանած «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի Սերոբը և վերջապես երրորդը, որ ժամանակագրական իմաստով ավելի վաղ է նկարահանվել, Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» կուլտային ֆիլմն է, որտեղ դեռևս ոչ շատ հանրաճանաչ Արմեն Ջիգարխանյանը բացառիկ տաղանդով է կերտել գիտնական Արտյոմ Մանվելյանի կերպարը։
Եթե առաջին երկուսը կոլորիտային կերպարներ են, հայի երկու տարբեր, բայց ավանդական նկարագրեր, ապա Ջիգարխանյանի Արտյոմ Մանվելյանը դուրս է ազգայինի սահմաններից, հերոսը չունի հայի ավանդական բնութագիր, սակայն խորապես մարդկային ու ողբերգության ձգտող դրամատիզմի նուրբ, բազմաշերտ էության դրսևորում է։ Ընդ որում, ի տարբերություն առաջին երկուսի, «Բարև, ես եմ» ֆիլմի հերոսն ունի կոնկրետ նախատիպ՝ մեծ հայ գիտնական Արտեմ Ալիխանյանը։ Ի տարբերություն Ջիգարխանյանի կինոդերերի մեծ մասի՝ այս կերպարը չունի հավաստի, համոզիչ լինելու կարիք։
Թատրոնի բեմում Ջիգարխանյանին տեսել եմ միայն մեկ անգամ։ Բայց այդ միակ անգամը առիթ դարձավ նաև նրա հետ միակ հանդիպման։ 1986 թվականի ձմեռային արձակուրդներն էին։ Թատերականի ուսանող երկու ընկեր Մոսկվա էինք մեկնել ներկայացումներ դիտելու։ Հիմա դա կարող է թեթևամտություն թվալ, բայց, այո, գնացել էինք հատուկ ներկայացումներ դիտելու նպատակով։ Թատերականի ուստոմսով կարող էիր մուտք գործել ցանկացած թատրոն ու դիտել ցանկացած ներկայացում։ Լույսերն անջատելուց առաջ ազատ աթոռ էինք գտնում ու տեղավորվում։ Եթե այդպիսիք չէին լինում, աստիճանները հո կային ու կային։ Սակայն ամբողջ երկրից նույն նպատակով այնքան շատ ուսանողներ էին ժամանում Մոսկվա, որ ադմինիստրացիան ստիպված էր լինում սահմանափակել նաև նրանց մուտքը։ Որոշեցինք այդ խոչընդոտը հաղթահարելու համար դիմել Արմեն Ջիգարխանյանի օգնությանը։ Մայակովսկու անվան թատրոնի դերասանական մուտքի նախասրահում բազմություն էր հավաքված։
Ջիգարխանյանի ներս մտնելուն պես իրարանցում սկսվեց։ Պարզվեց, որ միայն մենք չէինք նրա օգնությունն ակնկալողները։ Արագ հասկացանք, որ այդ թատրոնի ոչ միայն ամենանշանավոր դերասանն է, այլև բարի ոգին։ Կրասնոյարսկից եկած մի կնոջ խնդրանքը բավարարեց, լենինգրադցի մի զույգի ապսպրեց, որ հաջորդ ներկայացմանը գան ու այդպես մի մասին մուտք ապահովելուց, մյուսներին խոստումներ տալուց հետո, դանդաղաքայլ սկսեց բարձրանալ աստիճաններով։ Երկու ուսանողներս, տեսարանից ապշահար, մեզ ավելորդ էինք զգում ու կուչ էինք եկել մի անկյունում, բայց ընկերս որոշեց պահը չկորցնել ու ձայն տվեց․
– Ընկեր Ջիգարխանյան․․․
Դերասանը շրջվեց, տեսավ մեզ ու պատասխանեց․
– Հա ջան, ձեր ցավը տանեմ։
Համատարած ռուսերեն խոսակցությունների ու աղմուկի մեջ նրան հուզել էր հայերեն երկու բառը։
Մոտեցավ, առանց հարցնելու, թե ով ենք, ինչ ենք ուզում, գրկեց երկուսիս էլ։
Մենք ոչ միայն ուզում էինք հաջորդ օրն իրենց թատրոն մտնել՝ Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» աղմուկ հանած ներկայացումը դիտելու, այլև մյուս թատրոնների՝ ամիսներ առաջ սպառված տոմսարկղով բեմադրություններ։ Մտմտաց մի քանի րոպե, հետո խոստացավ․
– Զանգ կտամ Կալյագինին, ինձ չի մերժի։
Մյուս հարցը նրան ավելի բարդ թվաց։ Իր առաջին մուտքը «Կատուն շիկացած տանիքին» ներկայացման կեսից էր։ Մինչ այդ նկարահանում ուներ, ու պիտի մի կերպ հասցներ գալ թատրոն։
– Լավ, ձեր թանկագին խաթեր համար շուտ կգամ, որ ներս տանեմ, չուշանաք,- ասաց ու հեռացավ։
Հաջորդ օրը ներկայացման սկսվելուց շուրջ մեկ ժամ առաջ դերասանական մուտքի առջև էինք ու հետևում էինք, թե ինչպես են ծանոթ դերասանները թատրոն գալիս։ Ջիգարխանյանը չկար։ Անցավ մեկ ժամ, Ջիգարխանյանը չկար։ Ներկայացումը մեկ-երկու րոպեից սկսվելու էր, չկար Ջիգարխանյանը։
Հանկարծ նրա ձայնը լսվեց․
– Հաստատ որոշեցիք, որ խաբել եմ ձեզ։
Խոսում էր իր մեքենայի բաց պատուհանից։
Եկավ մեզ իր հետ դերասանական մուտքով տարավ ու նստեցրեց մի օթյակում։
Հրաշալի բեմադրություն էր, ինքն էլ փայլում էր բեմում։ Բայց ներկայացումը վայելելուն խանգարում էին հսկիչները։ Երեք տարբեր կանայք հերթով մոտենում էին ու հարցնում, թե ինչ գործ ունենք կառավարական օթյակում։ Արմեն Ջիգարխանյանի անունը լսելով՝ լուռ հեռանում էին։
Ասել էր, որ ներկայացումից հետո չհեռանանք, ինքը մեզ է օգնել, մենք էլ իրեն պիտի մի հարցում օգնենք։ Ներկայացման ավարտից տասնհինգ րոպե հետո դուրս եկավ ու ասաց․
– Տղերք, մեքենայիս մեջ լիքը գրքերի կապոցներ են, պիտի օգնեք՝ տուն բարձրացնենք։
Իրականում իրար կապած երեք, թե չորս բարալիկ գրքեր էին, որ վերցրեց ու ասաց․
– Գնացինք։
Որոշել էր թեյ ու քաղցրավենիք հյուրասիրել։ Գուցե նաև մի քիչ զրուցել հայերեն։