Մետրոյի կայաններում ժետոնները կհանվեն

Երևանի մետրոպոլիտենի կայարաններից կհանվի ժետոնով վճարման համակարգը։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի՝ հոկտեմբերի 7-ի գործակարգավարական նիստին։

«Մենք կայարաններում ունեինք անցակետեր, որոնք աշխատում էին ժետոնով։ Դրանք փոխարինվելու են։ Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ ժետոնը ամբողջությամբ կվերանա, և կանցնենք միասնական վճարման համակարգի», – նիստին հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի մասով էլ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ին քաղաքապետարան է մուտք արվել արդեն վերամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը։

Երևանը նաև պատրաստվում է տրանսպորտային համակարգի փոփոխման և ուղևորատոմսերի սակագնի թանկացման։ Ավելի վաղ քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարել էին, որ սակագինը կփոխվի 2025 թվականից։

Հոկտեմբերի 7-ի գործակարգավարական նիստին քննարկվեցին նախապատրաստական աշխատանքները։

Ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ նոյեմբերի 1-ից ավտոբուսներում միասնական տոմսային համակարգի փուլային անցման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու։

Քաղաքապետը պատասխանատու պաշտոնատար անձանց հանձնարարեց այդ ուղղությամբ աշխատանքները սկսել։

Էլեկտրական 250 ավտոբուսների ձեռք բերման համար էլ նախատեսում են մինչև տարեվերջ նախագիծը օրակարգ բերել։ Բացի այդ, գործակարգավարականին պարզվեց, որ հնարավոր կլինի 150 ավտոբուսով ամբողջական տրանսպորտային ցանցը ձևավորել։

Մեկնաբանել