Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Կառավարությունն արդեն մի քանի տարի խոսում է Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու ծրագրի մասին։
2023-ի դեկտեմբերի 18-ին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ գրեթե ավարտվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը:
«Այսօրվա մեր ժամանակացույցը Գյումրիի չոր նավահանգստի հետ կապված այն է, որ առաջիկա հանրային ներդրումային կոմիտեում եթե ստանանք վերջնական հաստատում, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսենք շինարարական փուլը»,- հայտարարել էր Քերոբյանը:
#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ ինչ փուլում է «չոր նավահանգիստի» կառուցումը։
«Չոր նավահանգստի» վերաբերյալ խոստումները
Էկոնոմիկայի նախարարությունը դեռ 2022-ին էր առաջարկել «չոր նավահանգիստ» ստեղծել։
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը 2023-ի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Ես կարծում եմ, որ մինչև այս տարվա վերջը, մենք, հուսով եմ, կունենանք մեր գործընկերոջը, որի հետ միասին պետք է կառուցենք «չոր նավահանգիստը»»։
Հանրային ներդրումային կոմիտեն 2024-ի հունվարի 16-ին նախնական հավանություն էր տվել «չոր նավահանգստի» նախագծին։
Ի՞նչ է չոր նավահանգիստը
«Չոր նավահանգիստը» կամ արդյունաբերական պարկը նախատեսվում է կառուցել Շիրակի մարզի օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որը պետք է անմիջական հասանելիություն ունենա և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ գտնվի Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա։
«Չոր նավահանգիստը» լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում իրենց արտադրությունները։ Զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում այլ տեղ։
Հունվարի 16-ին տեղի ունեցած Ներդրումային կոմիտեի նիստում նախկին նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ նախագիծը պետք է նպաստի բեռների տեղաշարժի արագացմանը, ինչպես նաև լինի «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիսարևմտյան հանգույցը։
Նախագծի համար Կառավարությունը նախատեսել է ներդնել 37 մլն դոլար, բայց նաև ներգրավելու է օտարերկրյա ներդրողների։
Ի՞նչ փուլում է նախագիծը
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կատարվել է 2023-ին։ Դրա համար հատկացվել է 135 մլն դրամ։
Ուսումնասիրությունը կատարել է հոլանդական Maritime & Transport Business Solutions B. V (MTBS, «Մերիթայմ ընդ տրանսպորտ բիզնես սոլյուշնս Բ․ Վ) ընկերությունը։ Արդյունքում ընկերությունը եզրակացրել է, որ նախագիծն իրագործելի է որոշակի պայմանների ապահովման պարագայում։
Թե ինչ պայմանների մասին է խոսքը, էկոնոմիկայի նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ աշխատանքային քննարկումներ են ընթանում, և դրանք հրապարակման ենթակա չեն։
2024-ի հուլիսի 8-ին էկոնոմիկայի ներկայիս նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարարի և արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ և ներկայացրել էր «չոր նավահանգստի» նախագիծը՝ առաջարկելով քննարկել այդ ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները։
«Չոր նավահանգստի» կառուցման հետ կապված նոր ժամկետներ նախարարությունը չի նշում։ Ծրագրի իրականացման, հնարավոր ներդրողներ ներգրավելու և օպերատոր ընտրելու նպատակով նախարարությունը դեռևս բանակցություններ է տանում։
«Բանակցություններ են տարվում մի շարք միջազգային կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի (ADB), Մերձավոր Արևելքի (ԱՄԷ, Իրաք, Կատար) պետություններում նմանատիպ ծրագրերով զբաղվող կառույցների, այդ թվում՝ նավահանգիստների հետ»,- ասված է էկոնոմիկայի նախարարության պատասխանում։
Այսպիսով, թեև կառավարությունը փաստացի չի հրաժարվել «չոր նավահանգստի» ստեղծման ծրագրից, սակայն դրա կառուցման աշխատանքներն անորոշ են։